Աֆղանստանի պատերազմի պատճառած վնասները ռեկորդային են: Այս մասին հաղորդում է Քաբուլում ՄԱԿ-ի առաքելությունը՝ նշելով, որ զոհերը խաղաղ բնակչության շրջանում միայն այս տարվա առաջին կեսին գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները:
Ըստ զեկույցի՝ 2016 թվականի հունվարից հունիս Աֆղանստանում սպանվել է 1601 քաղաքացի, 3 հազար 565 մարդ վնասվածքներ է ստացել: Զոհերի մեկ երրորդը երեխաներ են:
Զեկույցի հրապարակումից երկու օր առաջ հերթական պայթյունը մայրաքաղաք Քաբուլում առնվազն 80 մարդու մահվան պատճառ դարձավ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը: