Մատչելիության հղումներ

Ենիգոմշյան․ Զինված խմբի հետ բանակցությունները վարում է Վիտալի Բալասանյանը


«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվում:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը այսօր հաստատեց, որ արդեն երկրորդ օրն է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցություններ է վարում ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Ես ինքս անտեղյակ չեմ այդ բանակցություններից, բայց ես չեմ ուզում արտահայտվել, թե այդ բանակցությունները առաջընթաց ունեցե՞լ են, թե ոչ: Ես ուզում եմ վերադառնալ Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարությանը: Այդտեղից պետք է արվեն հետևություններ: Ես կարծում եմ, ամեն ինչ պարզ է այնտեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենիգոմշյանը, ով երկու օր առաջ հայտարարել էր, թե ինքը ներգրավված է զինված խմբի հետ բանակցություններում:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր անդրադարձել էր հուլիսի 17-ին Հայաստանի ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակմանը և դրան հաջորդած իրադարձություններին և կոչ էր արել զինված խմբին վայր դնել զենքերը և ազատ արձակել պատանդներին: - «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի և մեր հասարակության, պետության հասունության կարևորագույն քննություն», - ասել էր Սարգսյանը:

Նշենք, որ վերջին օրերին ՊՊԾ գնդի տարածքը տանող հատվածը արգելափակած ոստիկանական պատի մոտ քաղաքացիներ են հավաքվում, ովքեր պահանջում են կանխել արյունահեղությունը և սնունդ հասցնել «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի անդամներին: Այս առնչությամբ Ենիգոմշյանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ և «Սասնա ծռերի» անդամներին սնունդ է փոխանցվում: Ընդ որում, այսօր լրագրողները Խորենացի փողոցում տեսել էին երևանյան ռեստորաններից մեկի մեքենան: Լրագրողներից մեկի հարցին, արդյո՞ք այդ մեքենայով սնունդ է բերվում «Սասնա ծռերի» համար, Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը գլխով հաստատական նշան էր արել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG