Հայաստանում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կարգադրություն է ստորագրել այդ միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին:
Հանձնաժողովի նախագահը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է, հանձնաժողովում ընդգրկված են պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության և գիտության, առողջապահության փոխնախարարներ, կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Ոստիկանության պետի տեղակալներ: Հանձնաժողովի քարտուղարն է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի արտաքին անվտանգության վարչության պետը:
Կարգադրությամբ հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը:
Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության նախագահին կներկայացնի ամփոփ տեղեկատվություն ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ: