Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը կհանդիպեն մոտ ապագայում


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Անկարայում, 1-ը դեկտեմբերի, 2014թ․

Մոտ ապագայում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դեմ առ դեմ հանդիպում են ունենալու: Դա կլինի Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի առաջին հանդիպումը անցյալ տարվա նոյեմբերից հետո, երբ թուրքական օդուժը Սիրիայի սահմանին ռուսական ռմբակոծիչ խոցեց, ինչից հետո կտրուկ սրվեցին ռուս - թուրքական հարաբերությունները:

Էրդողանի և Պուտինի առաջիկա հանդիպման մասին հաղորդում են թե՛ պաշտոնական աղբյուրները, թե՛ նախագահական աշխատակազմերին մոտ կանգնած աղբյուրները:

Կիրակի օրը Կրեմլի պաշտոնական կայքէջը հաղորդեց, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել:

Պուտինը Թուրքիայում հուլիսի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած հեղաշրջման փորձի կապակցությամբ ընդգծել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ պետության կյանքում կտրականապես անթույլատրելի են հակասահմանադրական գործողությունները և բռնությունները: Նա ցավակցություն է հայտնել զոհերի կապակցությամբ, և քանի որ ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունները Թուրքիա վերսկսվել են, հույս է հայտնել, որ թուրքական կողմը ներկայիս բարդ պայմաններում կանի առավելագույնը՝ ապահովելու նրանց անվտանգությունը:

Ըստ հաղորդագրության, Էրդողանն ասել է, թե բոլոր անհրաժեշտ քայլերը կկատարվեն:

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նրանք հաստատել են մոտ ապագայում հանդիպելու պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել նախորդ հեռախոսազրույցում, բայց այս հաղորդագրությունում նշված չէ, թե կոնկրետ երբ և որտեղ կկայանա հանդիպումը:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի նախագահական վարչակազմի աղբյուրը, հաղորդում է, որ Վլադիմիր Պուտին - Ռեջեփ Էրդողան հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG