Մատչելիության հղումներ

ՊՆ-ում զեկուցում են ԶՈւ-ն «անհրաժեշտ սպառազինությամբ և ռազմական արդի տեխնիկայով համալրելու» մասին


Խորհրդակցությունը ՊՆ-ում, 15-ը հուլիսի, 2016 թ․
Խորհրդակցությունը ՊՆ-ում, 15-ը հուլիսի, 2016 թ․

2016 թ. առաջին կիսամյակի ամփոփմանը նվիրված հավաքին նաև առաջարկներ են հնչել՝ կապված «ապրիլյան գործողությունների վերլուծության արդյունքում առանձին պլանների ճշգրտման» հետ:

Հուլիսի 15-ին Հայաստանի ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016 թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, «հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում խորհրդակցությանը մասնակցում է ՊԲ հրամանատարական կազմը»:

«Խորհրդակցության ընթացքում բանակային կորպուսների հրամանատարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքների վերլուծությունը: Շեշտվել է, որ հաշվետու ժամանակահատվածում անցկացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, ճամբարային հավաքներն ու դաշտային ելքերը, իրականացվել են ենթակա ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձրացմանը միտված մի շարք արտապլանային միջոցառումներ:

Առանձնակի ուշադրություն է դարձվել հանկարծակի ստուգումներին, որոնց ընթացքում վերհանվել է մարտական պատրաստականության և մարտական կիրառման պլանների իրատեսությունը, մարտական պատրաստության մի շարք առարկաներից անցկացվել են ստուգողական գործնական պարապմունքներ, անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի, նյութական միջոցների առկայության և վիճակի ստուգումներ: Այս ամենից զատ` զորամիավորումներում անցկացվել են առաջավոր փորձի ուսումնասիրման, փոխանակման և ներդրման բազմաթիվ միջոցառումներ:

Ամփոփելով զեկույցները` բանակային կորպուսների հրամանատարներն անդրադարձել են ՀՀ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքներին, բարձրաձայնել են խնդրահարույց հարցերը, ներկայացրել խնդիրների կարգավորմանն ու շտկմանը միտված կոնկրետ առաջարկներ: Խորհրդակցության շրջանակում հաշվետու զեկույցներով հանդես են եկել նաև ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ: Զեկույցներում ընդգծվել է, որ վարչություններն ու ենթակա ստորաբաժանումները կատարել են 2016 թվականի առաջին կիսամյակի պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, զինված ուժերի ստորաբաժանումները համալրվել են անհրաժեշտ սպառազինությամբ և ռազմական արդի տեխնիկայով: Ձեռնարկված քայլերի արդյունքում զգալիորեն բարձրացել է ստորաբաժանումների մարտունակությունն ու անձնակազմի պաշտպանվածությունը:

Խորհրդակցության մասնակիցները հանդես են եկել նաև առաջարկներով, որոնք առավելապես վերաբերում էին ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում առանձին պլանների ճշգրտմանը, ինժեներական և ամրաշինական կառույցների բարելավմանը և այս ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերին:

Ամփոփելով խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցները, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերհանել է շտկման կարիք ունեցող խնդիրները, ներկաների ուշադրությունն է հրավիրել «Պատրաստված հրամանատար, արհեստավարժ բանակ, ապահով հայրենիք» կարգախոսով ընթացող ուսումնական տարվա առավելագույն ուշադրություն պահանջող հետագա աշխատանքային ուղղությունների վրա»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG