Մատչելիության հղումներ

Ակտիվիստներ․ Հանցագործին նախկինում պայմանական պատժի դատապարտած դատավորը պետք է պատասխանատվություն կրի


Armenia -- Activists stage protest action near Shengavit court. 13July, 2016
Armenia -- Activists stage protest action near Shengavit court. 13July, 2016

Կանանց իրավունքների համար պայքարող մի խումբ մարդիկ այսօր ցույց անցկացրին Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջև:

Նրանց բողոքն ուղղված էր դատավոր Նելլի Բաղդասարյանին, ով, ցուցարարների կարծիքով, նախկինում մեղմ պատիժ կիրառելով, չի կանխել դաժան հարցագործությունը։

Խոսքը հունիսի 8-ին նախկին կնոջը, նրա հորն ու մորը կացնահարած Վլադիկ Մարտիրոսյանի մասին է։

Թագուհի Մանսուրյանի մայրը մահացել է, ինքն ու հայրը բազմաթիվ վնասվածքներով դեռ հիվանդանոցում են։ Մարտիրոսյանը ձերբակալված է:

Ցուցարարների պահանջը ներկայացնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը․ - «Պանահջը մենք ներկայացրել ենք մեր հայտարարության մեջ՝ դիմելով Արդարադատության նախարարին, դատավորների էթիկայի հանձնաժողովին՝ միևնույն ժամանակ հորդորելով նրանց դիմել նաև Հանրապետության նախագահին՝ դատավորական իրավունքներից զրկելու կոնկրետ դատավորին, որը արդեն մի քանի դատավարական սխալ է թույլ տվել»:

Նելլի Բաղդասարյանի կայացրած վճռի համաձայն, Վլադիկ Մարտիրոսյանը նախկինում կնոջը խոշտանգելու համար դատապարտվել էր 6 ամիս ազատազրկման, սակայն դատավորը որոշել էր պայմանական ազատ արձակել Մարտիրոսյանին։

«Ազատությունը» փորձեց պարզաբանում ստանալ Նելլի Բաղդասարյանից, սակայն նրա օգնականը հարցումը վերահասցեագրեց Դատական դեպարտամենտ, որտեղից հորդորեցին հարցն ուղղել Արդարադատության նախարարություն:

Դե իսկ Արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ Նելլի Բաղդասարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որևէ դիմում այս պահի դրությամբ չեն ստացել․ երբ նախարարի անունով նման դիմում ստացվի, այն կուսումնասիրվի և դրան ընթացք կտրվի:

Ակցիայի մասնակիցները Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքից շարժվեցին դեպի Մանսուրյանների բնակարան։ Նրանք համոզված են, որ ոճրագործությունը հնարավոր կլիներ գոնե մեղմել, եթե հարևաններն այդքան անտարբեր չլինեին։ Թեև վերջիններիս վրդովեցնում էր շքամուտքի պատերի «անտարբեր հարևաններ» մակագրությունը, կանանց իրավունքների պաշտպանների կազմակերպած մոմավառությանը հիմնականում մասնակցում էին բակի երեխաները։

Հարևաններն առանց տեսախցիկի պատմում են, որ Մանսուրյանները շենքում գրեթե բոլորի հետ անհաշտ էին։ Ոմանք անգամ արդարացնում են նախկին փեսային։

«Ես էն գիտեմ, որ թղթերը ձեռը գալի-էթում էր, ասում էր՝ ընձի իրավունք տուր էրեխուն տենալու: Ինքը կյանքում կռիվ անելու համար չէր գալի: Ընդհակառակը, իրա վրեն ավելի շատ էին գոռգռում, քան թե ինքը», - «Ազատությանն» ասաց հարևաններից մեկը:

«Մարդիկ փորձում են արդարացնել կատարվածը», - արձագանքեց Զարուհի Հովհաննիսյանը՝ հայտարարելով․ - «Ոչ մի արդարացում չկա: Սա հանցագործություն ա, սպանություն ա, և վերջ»:

Ոստիկանության տվյալով՝ այս տարի ընտանեկան բռնության հետևանքով սպանության 4 դեպք է գրանցվել: Ոստիկանությունում հաշվառված է կենցաղային ոլորտի իրավախախտման 544 դեպք՝ նախորդ տարվա համեմատ 142-ով ավելի:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հստակ վիճակագրություն չունեն, թե տարեկան քանի կին է բռնության ենթարկվում Հայաստանում․ ոչ բոլորն են բարձրաձայնում իրենց հետ կատարվածի մասին։ Այդուհանդերձ փաստում են, որ նախկինի համեմատ օգնության դիմողների թիվն աճել է․ - «Ավելի թեժանում է, ավելի ավելի հաճախանում է, ավելի վայրենի դեպքեր ենք մենք լսում հիմա, քան 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ»:

XS
SM
MD
LG