Մատչելիության հղումներ

Եվրոպական լիբերալները կոչ են անում Հայաստանին մինչև վերջ հասցնել ԸՕ բարեփոխումները


Արխիվ – 4+4+4 ձևաչափով բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, Երևան, 15-ը ապրիլի, 2016թ․
Արխիվ – 4+4+4 ձևաչափով բանակցություններ Ընտրական օրենսգրքի շուրջ, Երևան, 15-ը ապրիլի, 2016թ․

Եվրոպական խորհրդարանում ներկայացված Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի (ALDE) կուսակցությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնության վերաբերյալ:

Նշելով, որ համաձայնությունը հնարավոր է դարձել ALDE-ին անդամակցող Հայ ազգային կոնգրես կուսակցության նախաձեռնած գործընթացի արդյունքում, կուսակցության նախագահ Հանս վան Բաալենը, մասնավորապես, ասել է․ - «ALDE կուսակցությունը ողջունում է այս համաձայնությունը, որը կապահովի Հայաստանում արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը»:

Եվրոպական լիբերալների կուսակցությունը, միևնույն ժամանակ, մտահոգություն է հայտնում բարեփոխումները մինչև վերջ հասցնելու՝ Հայաստանի իշխանությունների հանձնառության կապակցությամբ և կոչ է անում հաջողությամբ մինչև վերջ հասցնել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացումը:

«Այս քայլերի իրականացումը նշանակալի քայլ կլինի Հայաստանի համար՝ ազատ և արդար ընտրությունների, ժողովրդավարական արժեքների և սկզբունքների նկատմամբ ժողովրդի վստահությունը վերագտնելու ուղղությամբ, ինչպես նաև կամրապնդի Հայաստանի համբավը իր միջազգային գործընկերների շրջանում, որպես երկրի, որը ձգտում է ժողովրդավարության», - ասված է հաղորդագրությունում:

Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի կուսակցությունը Եվրոպական խորհրդարանի՝ մեծությամբ երրորդ խմբակցությունն է: Եվրահանձնաժողովի 28 հանձնակատարներից 5-ը նույնպես ALDE կուսակցության ներկայացուցիչներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG