Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սերաջի գլխավորած պատվիրակությունը:
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում կողմերը կքննարկեն կոռուպցիայի դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության, դիմումների քննության, ինչպես նաև երկու գերատեսչությունների իրավասություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախատեսվում է համագործակցության մասին հուշագրի ստորագրում:
«ԻԻՀ վերահսկողության գլխավոր կազմակերպության պարտականությունների ու իրավասությունների մեջ է մտնում նաև վերահսկողության սահմանումը արդարադատության գերատեսչությունների և վարչությունների ֆինանսական և վարչական հարցերի, դատական իշխանության ենթակա կառույցների, իրավապահ մարմինների, պետական ընկերությունների և ինստիտուտների, քաղաքապետարանների և ներքին գործերի նախարարության ենթակա կառույցների և այլ կազմակերպությունների վրա, նշված կառույցներում կանոնավոր կարգով ստուգումների իրականացումը», - ասված է հաղորդագրությունում: