Մատչելիության հղումներ

Շարմազանով․ Ղարաբաղի հարցում ռուս-ամերիկյան հակասություններ չկան


Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Հանրապետական կուսակցությունում (ՀՀԿ) դրական են գնահատում Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցը, որում Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը քննարկել են ղարաբաղյան գործընթացը, մասնավորապես՝ Սանկտ Պետերբուրգի հունիսի 20-ի հանդիպումը: Այդ մասին հայտարարեց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հինգշաբթի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կայացած ճեպազրույցում:

«Բավականին դրական ենք գնահատում նախագահներ Պուտինի և Օբամայի հեռախոսազրույցը: Ինչո՞ւ: Որովհետև երկու գերտերությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու պետությունների ղեկավարներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ այս հարցում ունեն համահունչ դիրքորոշումներ», - ընդգծեց Շարմազանովը՝ շարունակելով․ - «Այսինքն, այն կարծիքը, որ ղարաբաղյան հիմնահարցում ռուս - ամերիկյան հակասություններ կան և դրանք բավականին խորքային են, մենք տեսանք, որ այդպես չէ: Գոնե պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս, որ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը և թե՛ նրանց ղեկավարները բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են, և նախագահ Պուտինի նախաձեռնությամբ հանդիպումները դրանք չեն հակասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Եվ կարելի է ասել, որ սա ընդհանուր դրույթներ են, ընդհանուր մոտեցում է, և հակասություն չկա»:

Հանրապետականի խոսնակի համոզմամբ՝ սկզբունքների շուրջ երեք համանախագահ երկրների դիրքորոշումները համահունչ են, և դա շատ կարևոր է․ - «Այսինքն՝ երեք համանախագահներն էլ գտնում են, որ թիվ մեկ խնդիրը դա խաղաղությունն է, և մենք պետք է կարողանանք թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում, թե՛ Ադրբեջանում մեր հասարակություններին պատրաստենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»:

Երկրորդ կարևոր հարցը, որ հայկական կողմերի համար առաջնային է, ասաց Շարմազանովը, «դա Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է հանրաքվեի միջոցով»: «Որևէ կարգավիճակով Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանա ամբողջապես իրացնել իր ինքնորոշման իրավունքը, ինչպես, ասել եմ՝ Շոտլանդիան, Կոսովոն, Արևելյան Թիմորը, շատ ու շատ երկրներ և ժողովուրդներ: Եվ անկախ նրանից, թե Բաքվում ինչ հույսեր են փայփայում, պետք է նշեմ, որ թող նրանք հույսեր չփայփայեն», - հայտարարեց ՀՀԿ խոսնակը:

«Լեռնային Ղարաբաղը չի եղել, չկա ու չի լինելու Բաքվի տիրապետության տակ: Լեռնային Ղարաբաղում Բաքվի և Ադրբեջանի դրոշի տեղադրման մի տարբերակ կա․ պաշտոնական Բաքուն ճանաչի պաշտոնական Ստեփանակերտը, բացի Ստեփանակերտում, անկախ Արցախի Հանրապետությունում, Ադրբեջանի դեսպանություն, և այլ երկրների դեսպանության նման իր գլխին կծածանվի իր պետական դրոշը: Այլ տարբերակ չկա», - շեշտեց Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակի ճեպազրույցը տե՛ս այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG