Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Օբամայի հետ Պուտինի զրույցը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ «դիրքորոշումներ պարզելու» նպատակ ուներ


Նախօրեին Օբաման և Պուտինը քննարկել են ԼՂ հարցով պետերբուրգյան հանդիպումը:

Մինչ ռուսական մամուլը գրում է, թե երկրի նախագահը հերթական անգամ «անհետացել է», մասնավորապես՝ չեղարկելով այս շաբաթ նախատեսած իր բոլոր այցերը երկրի տարբեր մարզեր, Վլադիմիր Պուտինը նախօրեին զանգահարել է իր ամերիկացի պաշտոնակցին և նրա հետ քննարկել ղարաբաղյան խնդիրը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Ուշագրավ է այն, որ ըստ ստացված հաղորդումների, երկու առաջնորդները ղարաբաղյան խնդիրն այս անգամ քննարկել են առաջնահերթ կարգով: Օբամա-Պուտին հեռախոսազրույցի մասին մամլո հաղորդագրություններ են տարածել և՛ Կրեմլը, և՛ Սպիտակ տունը։ Կրեմլի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ: Պուտինը Օբամային, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ղեկավարի, ներկայացրել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքները։

Զրույցի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ բանակցությունները նախապատրաստելիս, Մոսկվան առաջնորդվել է հակամարտության գոտում իրավիճակի շուտափույթ կայունացման և խաղաղ բանակցային գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությամբ։ Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդում է նաև, որ Օբաման բարձր է գնահատել Ռուսաստանի ջանքերն այդ ուղղությամբ, հավելելով՝ «նախագահները պայմանավորվել են շարունակել ակտիվ աշխատանքը Մինսկի խմբի շրջանակներում»։

Սպիտակ տան պաշտոնական կայքում էլ կարդում ենք, որ հեռախոսզրույցի ընթացքում նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին «ակտիվացնել ջանքերը հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ»։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով, հանգամանքը, որ ղարաբաղյան խնդիրը հայտնվել է աշխարհի լիդերների ուշադրության կենտրոնում, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը՝ սկսելով ապրիլյան պատերազմը, «հասել է իր նպատակին»: «Հասավ իր ուզածին, հիմա իրոք, աշխարհը մտահոգված է ու հասկանում է, որ նաև Ղարաբաղի հարցը պետք է լուծել: Այդ պատերազմով Ադրբեջանը հասավ նրան, որ Ղարաբաղը հայտնվեց Սիրիայի և Ուկրաինայի հետ մի շարքի մեջ, ու դրա ապացույցը հենց այդ հեռախոսազրույցն է: Նախկինում, մինչ ապրիլյան պատերազմը, ընդհանրապես դրա մասին չէին խոսում: Հակառակը՝ աշխարհն ասում էր՝ Սիրիա ունենք, Ուկրաինա ունենք, մենք չենք կարող ակտիվորեն զբաղվել ղարաբաղյան հարցով»,- նշեց Գրիգորյանը:

Ըստ քաղաքագետի, Ռուսաստանի և մյուս համանախագահ երկրների տարբերությունն այն է, որ Մոսկվան, իր սեփական շահերից ելնելով, Հայաստանին ստիպում է Ադրբեջանին շրջաններ հանձնել: «Երեք համանախագահներն էլ, իրոք, դեմ են, որ մեծ պատերազմ լինի: Այնուամենայնիվ, Ռուսաստանն ուզում է օգտվել իրավիճակից ու իր ինչ-որ հարցերը լուծել: Օրինակ՝ ակնհայտ երևում է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը ինչ-որ տարածքներ վերադարձնի Ադրբեջանին, որ այդ երկրին համոզի՝ մտնել ԵՏՄ»:

Զանգահարելով Օբամային և նրա հետ Ղարաբաղի հարցը քննարկելով, Պուտինը, ըստ քաղաքագետի, նաև փորձել է մեղմել Մոսկվայի և Արևմուտքի միջև Սիրիայի և Ուկրաինայի հարցերով առկա տարաձայնությունները՝ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովից առաջ: «Վարշավայում նախատեսվում են որոշումներ, որոնք կարող են բավական սրել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները: Այս հեռախոսազանգը միգուցե նաև դրանով է պայմանավորված՝ պարզել դիրքորոշումները, գուցե՝ մի քիչ ավելի մեղմացնել․․․»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG