Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ երկարատև դիմակայության


Լեհ զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, արխիվ
Լեհ զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, արխիվ

Դաշինքի՝ վարշավյան գագաթնաժողովին առաջադրվելու են «անվտանգության ամուր և կայուն կառույցի ստեղծման հիմքերը՝ նախատեսված տևական առճակատման համար»:

Ի՞նչ ակնկալել վարշավյան գագաթնաժողովից

2014 թվականին ՆԱՏՕ-ի Ուելսում կայացած գագաթնաժողովին Դաշինքը ձեռք էր առնում միջոցներ, որոնք անմիջականորեն թելադրված էին նոր ծավալվող ճգնաժամով: Այս շաբաթ Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Վարշավայում կայանալիք գագաթնաժողովին արդեն պետք է առաջադրվեն անվտանգության ամուր և կայուն կառույցի ստեղծման հիմքերը՝ նախատեսված Մոսկվայի հետ երկարատև դիմակայության համար: Ի՞նչ կարելի է ակնկալել Վարշավայի գագաթնաժողովից:

Երկու տարի առաջ Հյուսիսատլանտյան դաշինքը վերադարձավ իր արմատներին: Կրկին կազմակերպության հիմնական առաքելությունը դարձավ անմիջականորեն իր անդամների պաշտպանությունը: Ներկայումս ՆԱՏՕ-ն հետևողական քայլեր է ձեռնարկում՝ միտված ռևանշիստական Ռուսաստանի զսպմանը:

Նախորդ անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը կայացել էր Նյուպորտում՝ 2014 թվականի սեպտեմբերին: Այդ գագաթնաժողովից ընդամենը մի քանի ամիս առաջ Ուկրաինայի արևելքում պայթեց ռազմական հակամարտությունն ու բռնակցվեց Ղրիմը: Արևմուտքի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքն այն ժամանակ նոր-նոր էր սկսել ձևավորվել: «Հիբրիդային պատերազմ» բառակապակցությունը դեռևս այնքան էլ հասկանալի չէր:

Դաշինքի պաշտոնական ներկայացուցիչների խոսքով, հուլիսի 8-9-ին Վարշավայում անցկացվելիք գագաթնաժողովի որոշումների ազդեցությունը տարածվելու է առաջիկա տասնամյակների վրա: «Մենք անվտանգության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մի ամբողջ ծովի ականատեսն ենք դարձել: Եվ պատշաճ միջոցներ ձեռք առնելու համար մենք վերակողմնորոշում ենք Արևմուտքի անվտանգության համակարգը: Սա նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբը»,- դեռ մայիսին ունեցած իր մի ելույթում հայտարարել էր Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը:

Բացի այս, հարկ է նշել, որ Վարշավայի գագաթնաժողովը մեկնարկում է ծայրահեղորեն զգացմունքային մթնոլորտում, նաև կապված ԵՄ-ից դուրս գալու՝ Մեծ Բրիտանիայի որոշման հետ: Եվ ուրեմն՝ ի՞նչ կարելի է սպասել վարշավյան գագաթնաժողովից:

Արևելյան ճակատում

Անկասկած, վեհաժողովում գերիշխող թեմա կդառնա Ռուսաստանի զսպումը և այդ երկրի հետ սահմանակցող՝ ՆԱՏՕ-ի անդամներին անվտանգության երաշխիքների տրամադրումը: «Եվրոպայում խաղաղությունը, անվտանգությունն ու ժողովրդավարության կայունությունն արդեն դադարել են առարկայական իրողություններ լինելուց», - Atlantic Council-ի վերջերս հրապարակած զեկույցում հայտարարել են ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի նախկին լիազոր ներկայացուցիչ Նիկոլաս Բերնսը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսը:

Երկու տարի առաջ Ուելսում որոշում էր կայացվել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում և Ռումինիայում նոր ռազմակայաններ տեղակայելու և գերարագ արձագանքման ուժեր ձևավորելու մասին: Այդ ուժերը պետք է ընդունակ լինեն երկօրյա ժամկետում օգնության հասնել վտանգի մեջ հայտնված՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին: Սպասվում է, որ արևելյան թևերի հետագա ամրապնդման համար Վարշավայում որոշում կկայացվի Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում չորս ռազամական գումարտակ (յուրաքանչյուրում՝ 1000 զինվոր) տեղակայելու մասին: ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Գերմանիան համաձայնել են ստանձնել մեկական գումարտակի հրամանատարությունը:

Թե որ երկիրը կստանձնի չորրորդի հրամանատարությունը, դեռևս պարզ չէ, սակայն, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների խոսքով, առավել հավանական է համարվում Կանադայի դերակատարությունը: Միացյալ Նահանգների գլխավորած գումարտակը, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի Լեհաստանում, հավանաբար՝ «Սուվալկի միջանցքի» անմիջական հարևանությամբ: Դա Լեհաստանի և Լիտվայի սահմանների արանքում ընկած 100 կմ երկարությամբ մի հատված է՝ սեղմված Բելառուսի և ՌԴ Կալինինգրադի մարզի միջև:

Ռազմական ստրատեգները մտահոգված են, որ զինված հակամարտության դեպքում Ռուսաստանը կարող է գրավել այդ միջանցքը՝ այդպիսով բալթյան հանրապետությունները կտրելով Դաշինքի անդամ երկրներից: Սպասվում է, որ Գերմանիայի գլխավորած գումարտակը կտեղակայվի Լիտվայում, Մեծ Բրիտանիայի գումարտակը՝ Էստոնիայում, իսկ չորրորդ գումարտակը՝ Լատվիայում: Բացի այս, Վաշինգտոնը համաձայնել է նաև 3500 զինծառայողներից բաղկացած ծանր բրիգադի տեղակայմանը, որը նախատեսված է լինելու ինչպես Բալթյան տարածաշրջանի, այնպես էլ Բուլղարիայի և Ռումինիայի հետ համագործակցության համար:

Այս համատեքստում ուշագրավ է Չեխիայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարկ Գալեոտիի բացատրությունը: «Ռուսաստանի հետ ապոկալիպտիկ պատերազմի պայմաններում այստեղ կամ որևէ այլ տեղ 1000 զինվորի տեղակայմամբ հնարավոր չի լինելու զսպել սպասվող ճնշումը, անկախ զինվորների պատրաստավածության և սպառազինված լինելու աստիճանից: Նրանք ընդամենը քաղաքական նշագրումներ են և կարծես ասում են՝ «եթե դուք հարձակվում եք այս երկրի վրա, դուք սպանելու եք ոչ միայն էստոնացիներին ու լատիշներին, այլ նաև՝ ամերիկացիներին ու գերմանացիներին»: Դա շատ կարևոր է»:

Անպաշպանվածություն՝ հյուսիսից

Իսկ ի՞նչ անել, եթե զսպման քաղաքականությունը չաշխատի: Ռազմական վերլուծաբանների կարծիքով, ռուսների կողմից հարձակման դեպքում, բալթյան երկրների խոցելիությունը պայմանավորված է Հյուսիսային Եվրոպայի աշխարհագրությամբ՝ անկախ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի զգալի ներկայությունից:

Հենվելով ռազմական խաղի արդյունքների վրա, ամերիկյան RAND Corporation հետազոտական ինստիտուտը եկել է այն եզրակացության, որ բալթյան երկրների արագ գրավումը կանխելու համար ՆԱՏՕ-ն 7 ռազմական բրիգադի կարիք կունենա, որոնց թվում՝ երեքը պետք է հագեցած լինեն ծանր զրահատեխնիկայով: Անհրաժեշտ կլինի նաև «ավիացիայի և ցամաքային ուժերի համապատասխան օժանդակությունն ու մինչև ռազմական գործողությունների սկիզբը մարտի մեջ մտնելու կարողությունը»:

Հետազոտական կենտրոնը նաև նշում է՝ «սակայն, անգամ դա բավարար չէ խնդրո առարկա տարածաշրջանի մշտական պաշտպանությունն ապահովելու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»: Հենց այդ պատճառով էլ, վերլուծաբանների կարծիքով, ՆԱՏՕ-ն ավելի մեծ հույսեր է սկսել կապել Դաշինքի անդամ չհանդիսացող Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ: «Առանց այդ երկրների օգնության, ՆԱՏՕ-ի համար շատ դժվար կլինի ռուսների հարձակումից բալթյան երկրներին պաշտպանելը»,- վերջերս գրել է «Նոր սառը պատերազմ» գրքի հեղինակ Էդվարդ Լուկասը:

Այդուհանդերձ, պատմականորեն չեզոք այդ երկրներից ոչ մեկը դեռ պատրաստ չէ միանալ Դաշինքին, սակայն երկու երկրներում էլ, հատկապես՝ Շվեդիայում, աճում են ՆԱՏՕ-ին աջակցելու տրամադրությունները: Այս տարի և՛ Շվեդիայում, և՛ Ֆինլանդիայում սկսվել են հետազոտություններ՝ կապված Դաշինքին հնարավոր անդամակցության հնարավորության հետ:

Վերադառնալով Վարշավայում մեկնարկող գագաթնաժողովին, հիշեցնենք, որ դրա ընթացքում սպասվում է նաև Ուկրաինային համալիր օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջոցառումների փաթեթի վավերացումը: Նշենք նաև, որ տեսանելի ապագայում ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնում չի նախատեսվում: Այդ հարցում բացառություն է կազմում Չեռնոգորիան, որը մայիսին արդեն ստորագրել է անդամակցության արձանագրությունը: Վարշավյան գագաթնաժողովին Չեռնոգորիան կմասնակցի դիտորդի կարգավիճակով:

«Ընդլայնման առումով՝ Դաշինքի բաց դռների քաղաքականությունն ուժի մեջ է մնում, սակայն, դժվար է պատկերացնել, թե ինչպես են ՆԱՏՕ մուտք գործելու Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան»,- վերջերս նման գրառում է արել Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարի նախկին տեղակալ Ջոն ՄըքՔոլը:

Բրայան Ուիթմոր

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG