Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի մեծամասնությունը մտադիր է մասնակցել աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին


Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ:
Գյումրիի քաղաքապետարանի շենքը, արխիվ:

Հայաստանյան քաղաքական ուժերից շատերն արդեն հայտարարում են, որ ակտիվորեն մասնակցելու են աշնանը Գյումրիում ու Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, որոնք, ըստ էության, կլինեն նոր Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի առաջին փորձաքարը։

Քաղաքապետերին այս համայնքներում, ինչպես Երևանում, այսուհետ ևս կնշանակի ավագանին, որը կընտրվի 100 տոկոսանոց համամասնական ցուցակով։

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետի հաղթանակն ապահովելու համար ոչ իշխանական ուժերը պետք է ընտրության գնան միասնական ցուցակով․ - «Իրականում ընդդիմադիր միավորները պետք է կենտրոնացված մասնակցություն ունենան, որը քաղաքացուն հնարավորություն կտա ակնհայտ կողմնորոշվել, թե դեպի որ կողմ իր վստահության քվեն տա»:

Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ դաշինքի ձևավորման համար «Ժառանգություն»-ն արդեն բանակցում է նորաստեղծ ԳԱԼԱ կուսակցության ու Գյումրիի «Ասպարեզ» ակումբի հետ․ - «Պետք է հնարավորինս փորձենք ինչ-որ եզրեր գտնել և միասնական ցուցակ ներկայացնել մեր քաղաքացիներին: Որովհետև խնդիրը ոչ միայն քաղաքապետին կամ առաջին համարին է վերաբերում, խնդիրը վերաբերում է ցուցակին, որովհետև սա ավագանու ընտրություն է, և շատ կարևոր է, թե ինչ թիմով ես ներկայանում»:

Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիր, համանուն կուսակցության նախագահ Վահան Խաչատրյանը նույնպես կողմնակից է ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր այլ ուժերի ու քաղհասարակության համախմբմանը․ - «Ոչ միայն «Ժառանգություն»-ից․․․ Այս պահին գնում են բանակցություններ, մեր նպատակը ընդդիմադիր ուժերը համախմբելն է, իշխանության նպատակը՝ պառակտելը: Տեսնենք այդ բանակցությունների արդյունքում ինչ կունենանք մենք»:

Քաղաքական ուժերի հետ Գյումրիի ավագանու կազմում լինելուն դեմ չէ նաև «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Քաղհասարակության ներկայացուցիչը նկատում է, որ նոր ընտրական համակարգով քաղաքային իշխանությունը կենտրոնանալու է մեծամասնություն կազմող ավագանու ձեռքում․ - «Ավագանին ավելի եմ կարևորում, քան թե համայնքապետին․․․ Ավագանին տեղական օրենսդիրն է և նա է լինելու թելադրողը, թե ով է լինելու քաղաքապետը»:

Գյումրիի ավագանու ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են նաև Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը և Դաշնակցությունը: Վերջինն անգամ նշել է, որ իր համամասնական ցուցակը կգլխավորի Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը։

Իշխող Հանրապետականն առայժմ չի հստակեցնում, թե ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր «Ազատության» հետ զրույցում չբացառեց անգամ գործող քաղաքապետ, նախկին ՕԵԿ ու ԲՀԿ անդամ, ներկայումս անկուսակցական Սամվել Բալասանյանին սատարելը․ - «Մենք հստակ մասնակցելու ենք, բայց հայտարարություն կլինի թեկնածուի հետ կապված: Որևէ մեկին չենք բացառում»:

Սամվել Բալասանյանի թեկնածությունը սատարելու տարբերակը չէր բացառել նաև վերջերս Գյումրի այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը գոհ է նրա աշխատանքից։

Գյումրու քաղաքապետի թեկնածության հարցում առայժմ հստակեցում չկա «Բարգավաճ Հայաստան»-ում։ Կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի փոխանցմամբ, վերջնական որոշումը կկայացվի մարզային կառույցների հետ խորհրդակցելուց հետո․ - «ՏԻՄ ընտրություններին, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան»-ը ակտիվ մասնակցելու է: Թե որտեղ մենք որ թեկնածուին կդնենք․․․ Նախևառաջ շատ կարևոր ենք համարում մեր տեղական կառույցի կարծիքը»:

Խորհրդարանական ուժերից աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ չի ներկայացրել միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ հարցը դեռ քննարկվում է կուսակցությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG