Մատչելիության հղումներ

Նորաստեղծ ԳԱԼԱ-ի նպատակներից է «լեգիտիմ իշխանության ձևավորումը»


Տեսարան Գյումրիից, արխիվ
Տեսարան Գյումրիից, արխիվ

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը:

«Գաղափարակից լիբերալների ալյանս» կամ ԳԱԼԱ կուսակցության այսօր տեղի ունեցած հիմնադիր համագումարի ժամանակ նախաձեռնող խմբի անդամները բացատրեցին, թե ինչու է ԳԱԼԱ հեռուստաընկերության հիմնադիրը, նաև մի քանի լրագրողներ, մտնում քաղաքականություն:

«ԳԱԼԱ կուսակցության առաջնահերթություններն են՝ ժողովրդավարական, ազատ և արդար ընտրությունների անցկացումը, դրանց արդյունքում լեգիտիմ և պատասխանատու իշխանության ձևավորումը, մարդու և քաղաքացու ազատ, անվտանգ և ապահով ապրելու, արարելու հնարավորությունների ստեղծումը, մարդու արժանապատիվ կյանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»,- ասաց նախաձեռնողներից մեկը:

Կուսակցությունը մասնակցելու է Գյումրիում կայանալիք քաղաքապետի ընտրություններին: Այժմ քաղաքական ուժերի հետ հնարավոր համախմբման հարցերով բանակցություններ է սկսել: Աշնանը Գյումրիում և Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրությունները, հիշեցնենք, անցկացվելու են համամասնական ընտրակարգով:

ԳԱԼԱ-ի հիմնադիր համագումարում կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Վահան Խաչատրյանը՝ նույնանուն հեռուստաընկերության հիմնադիրը: Արդեն հայտնի՞ է, թե ով է գլխավորելու նորաստեղծ կուսակցության ընտրական ցուցակը: Այս հարցին ի պատասխան, Խաչատրանը նշեց, թե գոնե իրեն քաղաքապետի աթոռին չի տեսնում: «Հիմա ընթանում են բանակցություններ, քանի որ դեռ կոալիցիա չի ստեղծվել, հիմա կոռեկտ չէ ինչ-որ մեկի անունը տալ: Հենց կունենանք կոալիցիա, կհասկանանք, թե ով է մեզ միանում, դրանից հետո նոր կորոշենք թիվ մեկի խնդիրը»,- ասաց Խաչատրյանը: Իսկ եթե չհաջողվի՞ համախմբվել: Այս հարցին էլ պատասխանելով՝ Վահան Խաչատրյանը նշեց, թե իշխանությունների ցանկությունն էլ հենց դա է՝ «Մենակ կկրենք, ինչու ոչ, վստահ եմ»:

ԳԱԼԱ-ն խորհրդարանական ընտրություններին ևս մասնակցելու է: Առաջիկայում կուսակցությունը կընդլայնի գործունեությունը՝ այլ բնակավայրերում ևս հիմնելով գրասենյակներ: Համագումարի ընթացքում խոսվեց իշխանափոխության, լեգիտիմ իշխանություն ձևավորելու, նաև Գյումրիի՝ «ընդդիմադիր քաղաք լինելու ֆենոմենի» մասին. իշխող ուժը վերջին մի քանի համապետական ընտրություններում այնտեղ պարտություն է կրել: Արդյո՞ք ԳԱԼԱ կուսակցությունը իշխանափոխության գործընթաց է սկսում «ընդդիմադիր» քաղաքից: «Էկեք էդպես վերամբարձ բաներ չասենք, ընդհանրապես շատ չեմ խոսում, գործ եմ անում: Գլուխներս կախ, կամաց-կամաց անում ենք մեր գործը»,- հարցին այսպես պատասխանեց Վահան Խաչատրյանը:

Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են նաև ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ժառանգություն-ը», «Հայկական վերածնունդ»-ը և «Լուսավոր Հայաստան»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG