Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին՝ Բաղդադի ալ-Քարադե թաղամասում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր անմեղ քաղաքացիներ։
«Հայաստանը խստորեն դատապարտում է այդ ահաբեկչությունը, որի նպատակը ինչպես Իրաքում, այնպես էլ տարածաշրջանում անկայունության նոր ալիք հրահրելն է: Մարտի դաշտում իրաքյան բանակի տարած հաղթանակներից խուճապահար ահաբեկիչները նենգորեն իրենց թիրախն են դարձնում քաղաքացիական անձանց: Ռամադան սուրբ ամսվա ընթացքում խաղաղ բնակչության նկատմամբ այս սոսկալի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրաքին՝ երկրի տարածքում ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելուն ուղղված վճռական ջանքերում», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, հեռագրում գրել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրաքի վարչապետին, Իրաքի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: