Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանը կդիմի բողոքի ակցիաների, եթե իշխանությունը չկատարի խոստումը


Վոլոդյա Ավետիսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ
Վոլոդյա Ավետիսյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Խարդախության մեղադրանքով վեց տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կրկին կդիմի բողոքի ակցիաների, եթե իշխանությունները չկատարեն իրենց տված խոստումը՝ վերանայելով պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին օրենսդրական կարգավորումները։

«Ազատության» հետ զրույցում «Ի պաշտպանություն Ավետիսյանի» նախաձեռնող խմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն ասաց, որ օրեր առաջ հացադուլը դադարեցրած ազատամարտիկը սպասում է արդարադատության նախարարության պաշտոնյաների առաջարկած փոփոխություններին։

«Փաշայի կարգավիճակ, այսինքն՝ թագավորն ասեց՝ «թողեք», կթողնեն, թագավորն ասեց՝ «մի թողեք», չեն թողնի։ Եվ այսօր, երբ որ կոռուպցիայի դեմ պայքար է մղում մեր կառավարությունը, մի քանի հնամաշ մեքենա է դուրս գրում, իբր տեսեք՝ կոռուպցիայի դեմ պայքարում ենք... Պայքարեք հենց կոռուպցիայի կիզակետ հանդիսացող էդ հանձնաժողովի դեմ», - ասաց Սարուխանյանը։

Յոթ օր հացադուլի մեջ եղած Ավետիսյանը կնոջ միջոցով բաց նամակ էր տարածել՝ բողոքելով Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովից։

Արդեն երեք տարի անազատության մեջ գտնվող ազատամարտիկին հանձնաժողովը չորս անգամ մերժել է վաղաժամ ազատ արձակել, չորս անգամն էլ՝ առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու։

Սարուխանյանի խոսքով՝ հանձնաժողովը կամայական որոշումներ է կայացնում։ «Հիմնականում ուժային կառույցների պաշտոնյաներից բաղկացած հանձնաժողովը որոշման մեջ ընդամենը մեկ բառ է գրում՝ «մերժել», մինչդեռ գոնե մեկ նախադասությամբ կարող էին նշել մերժման պատճառները», - Ավետիսյանի դժգոհությունն է փոխանցում Սարուխանյանը։

«Ինչո՞ւ համար էդ մեկին բավարարել, ինչո՞ւ համար էդ 19-ին մերժել՝ քար լռություն», - հավելեց «Ի պաշտպանություն Ավետիսյանի» նախաձեռնող խմբի համակարգողը։

Գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին ու իրավապաշտպան Արթուր Սաքունցին հղած բաց նամակում Ավետիսյանը գրել էր, որ իրենք՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ, գիտեն, որ դատարանն իրենց զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոչ թե մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից:

Ավետիսյանի այս հայտարարությունից հետո բանտ էին այցելել արդարադատության նախարարության աշխատակիցները։ Վերջիններս ազատամարտիկին խոստացել էին, որ առաջիկայում խորհրդարան ներկայացվող՝ հանձնաժողովի գործունեությանը վերաբերող օրինագիծը լուծում կտա Ավետիսյանի բարձրաձայնած խնդիրներին։

Մինչդեռ նրա հարազատներն ու գաղափարակից ընկերները հիշեցնում են, որ նման խոստում Ավետիսյանը ստացել էր դեռ անցած նոյեմբերին՝ հացադուլը դադարեցնելուց հետո։

Ազատամարտիկի կինը՝ Մարգարիտա Բաղրամյանը իշխանություններից ակնկալիքներ չունի։ «Ինձ չի թվում, որ կկատարեն իրենց խոստումները։ Արդարադատության նախարարը ինչ-որ ասել էր՝ «նայում ենք էդ գործը, ընթացքի մեջ է»։ Բայց դա սուտ է, չի լինի։ Իշխանություններն իրենից վախում են, մինչև վերջին օրը կպահեն, բաց չեն թողնի», - ասաց Ավետիսյանի կինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG