Մատչելիության հղումներ

Անկախ հանձնաժողովը դարձյալ մերժեց Վոլոդյա Ավետիսյանի դիմումը


Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում: 26-ը մայիսի, 2014 թ․
Վոլոդյա Ավետիսյանը դատարանի դահլիճում: 26-ը մայիսի, 2014 թ․

Կես տարվա ընթացքում սա արդեն երրորդ մերժումն է, որ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովից ստանում է պահեստազորի գնդապետը:

Իշխանափոխություն պահանջող ազատամարտիկը ճաղերի հետևում է արդեն երկու տարուց ավելի: 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքի ու ընկերների համոզմամբ՝ վեց ամսվա ընթացքում նրան վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը երեք անգամ մերժելը վկայում է, որ իշխանությունները փորձում են ամեն գնով ճաղերի հետևում պահել պահեստազորի գնդապետին:

Նրա կնոջ՝ Մարգարիտա Բաղրամյանի խոսքով, իշխանությունները վախենում են, որ ազատ արձակվելուց հետո Ավետիսյանը կվերսկսի սոցիալականից քաղաքականի վերածված բողոքի ակցիաները:

«Ուզում են նորից պահեն, մինչև վերջ իրա վեց տարին նստի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղրամյանը՝ հավելելով, թե իշխանությունների ճնշման հետևանքով է, որ փաստաբան Արա Զաքարյանը Ավետիսյանի գործով չի դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ հիմա ազատամարտիկի ընտանիքը զրկված է ՄԻԵԴ դիմելու իրավունքից, քանի որ լրացել է դիմում ներկայացնելու վերջնաժամկետը: - «Մենք ուզում ենք ինքը [Զաքարյանը] ասի՝ ո՞վ ա դրա հետևում կանգնած, որ ինքը այդ գործը չի տվել: Ինչ-որ մեկը կա, որ չի թողել: Մենք չէինք սպասում, որ ամիսներ անցնի, ժամկետը լրանա, նոր ինքը Վոլոդյային ասի, որ գործերդ չեմ տվել Եվրադատարան: Պատճառն էլ չասի»:

Ինչպես Բաղրամյանը, այնպես էլ Ավետիսյանի ընկերները «դավադրություն» են որակում Ստրասբուրգի ճանապարհը պահեստազորի գնդապետի առջև փաստաբանի միջոցով փակելը՝ հիշեցնելով նույն Արա Զաքարյանի պնդումները, թե Եվրոպական դատարանը, անկասկած, որոշումը կկայացնի Ավետիսյանի օգտին:

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության համակարգող Գագիկ Սարուխանյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ ամիսներ շարունակ հուսադրելուց հետո վերջերս փաստաբանն իրենց է վերադարձրել 1500 դոլարն ու գործը՝ պատճառաբանելով, թե ուշացրել է դիմումը:

Մինչդեռ, Սարուխանյանի խոսքով, Զաքարյանը հավաստիացնում էր, որ կհասցնեն դիմումն ուղարկել․ - «Եկավ սեպտեմբերը․․․ Ի՞նչ կա Եվրադատարանից, թե՝ ուղարկել եմ, պատասխան չկա: Սեպտեմբերն է ավարտվում, դեռ պատասխան չկա․․․ Ինչո՞ւ չկա․․․ Ինչպես վերջերս պարզվեց, փաստորեն ինքը չէր էլ ուղարկել»:

Ավետիսյանի ընկերները Արա Զաքարյանի դեմ բողոք են ներկայացրել Փաստաբանների պալատ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել նրան:

«Ճնշել են երևի մարդուն», - շարունակեց Սարուխանյանը: - «Այս իշխանությունների աշխատանքային ոճը․․․ Արայի մասին ճիշտ տեղեկություն ունենալով՝ որպես կայուն, ճիշտ տղա, ես չեմ կարող այլ վարկած․․․ Մարդ է, բոլորս էլ միգուցե վախերի դեմ նահանջենք: Սա է, որ միայն իրեն կարող է արդարացնել․․․ Միակ տարբերակը, ոնց վելուծում ենք, դա այն է, որ ճնշումների է ենթարկվում»:

Արա Զաքարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց․ փաստաբանը չի պատասխանում հեռախոսազանգերին:

Իսկ Փաստաբանների պալատից «Ազատության»-ը փոխանցեցին, որ կուսումնասիրեն միջադեպը և մեկ ամսվա ընթացքում որոշում կկայացնեն:

XS
SM
MD
LG