Հայաստանը այսօր նշում է Սահմանադրության օրը:
1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված այս կարևորագույն փաստաթուղթը երկու տասնամյակների ընթացքում երկու անգամ փոփոխության է ենթարկվել․ առաջին անգամ՝ 2005 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երկրորդ անգամ՝ վերջերս՝ 2015-ին, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ:
Քիչ չեն կարծիքները, որ նույնիսկ երկու անգամ բարեփոխված Հիմնական օրենքի բազմաթիվ դրույթներ այսօր կյանքի չեն կոչվում՝ մնալով թղթի վրա:
Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վստահ է՝ այսօր շատերը չեն զգում այդ տոնի իսկական խորհուրդը, քանի որ ժողովրդավարության, ազատականության առումով փաստաթուղթը չի աշխատում:
«Ազատության» հետ զրույցում նախ Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով «բոլորին, ովքեր զգում են, որ դա արժեք է, կամ ովքեր գտնում են, որ դա լինի արժեք», Մանուկյանը շարունակեց․ - «Դուրս եկեք փողոց էսօր, հարցում արեք՝ հարյուրից երկուսը, երեքը, հինգը, տասը կարող է ասեն, որ էսօր Սահմանադրության օրն է և տոն է: Դա արդեն վերաբերմունք է, դա արդեն երկրի կողմից էդ արժեքի գնահատականն է: Սա՝ որպես տխուր իրողություն»:
Թե ինչու է այդպես՝ ընդդիմադիր պատգամավորը պարզաբանեց․ - «Որովհետև Սահմանադրության փոխելը երկու անգամ էլ եղել է անիմաստ, անտրամաբանական, չհիմնավորված, և ավելին՝ փոփոխությունների արդյունքում մենք շատ լուրջ՝ ժողովրդավարության առումով, կորուստ կրեցինք»:
«Ժողովրդավար երկիր համարվում է այն երկիրը, որը իր իշխանավորին ինքն է ընտրում՝ տեղական ընտրություններ, Ազգային ժողովի ընտրություններ և պրեզիդենտի ընտրություններ: Էն մի փոփոխությունով՝ 2005 թվականի, երեք տարվա տեղական իշխանությունը դարձավ հինգ տարի, չորս տարվա պառլամենտի իշխանությունը դարձավ հինգ տարի, պրեզիդենտականը էս մեկով ընդհանրապես հանվեց: Այսինքն՝ այն վերահսկողությունը, որ սահմանադրություններով պաշտպանված է ժողովրդի կողմից սեփական իշխանություն ձևավորելը, էս խնդիրները գնալով Հայաստանում վատացան», - մանրամասնեց Մանուկյանը՝ շարունակելով․ - «Չի կարող անցումային շրջանում գտնվող երկիրը հինգ տարի գյուղապետ ընտրի: Էդ աննորմալությունը բերեցին մտցրին: Գյուղապետը պետք է անընդհատ տեղի իշխանության որպես ներկայացուցիչ փոփոխության ենթարկվի, և շատ արագ: Նույնը՝ խորհրդարանը․ խորհրդարանը պետք է չորս տարին մեկ փոխվեր, որ պատգամավորը չգնա չորս տարի հոտի էնտեղ: Նույնը՝ պրեզիդենտը: Եվ հիմա իրենք ինչ արեցին՝ ժողովրդին էս Սահմանադրությունով զրկեցին ուղիղ քվեարկությամբ պրեզիդենտ ունենալու էդ բարիքից: Պատերազմական վիճակում գտնվող երկրի մասին է խոսքը»:
«Սա դավաճանություն է՝ ապագայի նկատմամբ, ժողովրդավարության նկատմամբ, ժողովրդի ձայնի նկատմամբ, և էն էլ՝ էսքան խախուտ, էն էլ՝ էս ձևի ոչ նորմալ վիճակում: Եվ էդ նույն չարիքը իրենք հիմա տեղափոխում են Ղարաբաղ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Ըստ Մանուկյանի՝ ժողովրդավարության առումով վերջին երկու սահմանադրություններն էլ նահանջ են: «Որևէ մեկը Հայաստանում դեռևս չի ապացուցել, որ 95 թվականի Սահմանադրությունը կրիզիս է ապրել, խնդիրներ են եղել, որ չի կարողացել լուծել, և փոփոխելու անհրաժեշտություն է եղել: Չի եղել փոփոխելու անհրաժեշտություն», - ասաց նա:
Հարցին՝ արդյոք քաղաքացիները կարող են ասել, որ Սահմանադրության բոլոր դրույթները իրագործվում են՝ առանց խտրականության, ընդդիմադիր գործիչը արձագանքեց․ - «Չեն կարող էդպիսի բան ասել, որովհետև Սահմանադրությունը որպես այդպիսին չի աշխատել՝ ժողովրդավարության առումով, ազատականության առումով, իշխանությունների տարանջատման առումով էս փաստաթղթերը չեն աշխատում, աշխատում է իշխանության կամքը, որը վեր է օրենքից, վեր է Սահմանադրությունից»:
«Սահմանադրությունը ասում է, առաջին հոդվածն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, բայց ժողովուրդը, ասենք, գնաց, հանրաքվեն «Ոչ» քվեարկեց՝ ո՞վ որոշեց, որ դա «Ոչ» է․ իշխանությունը վերցրեց «Այո»-ի վրա դրեց տրցակները, և Սահմանադրությունը դարձավ առ ոչինչ: Այսինքն՝ ժողովուրդը չի կարող այդպիսի բան ասել, որովհետև հիմնական օրենք Սահմանադրությունը չի աշխատում: Սահմանադրությունը գործող օրենք լիներ՝ արտագաղթ չէր լինի, որովհետև Հայաստանում օրենքի գերակայություն կլիներ», - շեշտեց Արամ Մանուկյանը: