Վրաստանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարի առաջարկով կայացել է Շվեյցարիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների հանդիպում: APA գործակալության փոխանցմամբ, Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Լոմբարդեն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ակտիվացնելու նպատակով առաջարկել է փոխել բանակցությունների ձևաչափը:
Ըստ հաղորդագրության, հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ասել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև լուրջ բանակցություններ են ընթանում, որոնց շուտով կմիանա Ֆրանսիայի նախագահը: Նա ցանկություն է հայտնել, որ բանակցություններին մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:
Իսկ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովան ասել է, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է, աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի «անջատականների ռեժիմը», ու Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին անհնարին է: