Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում հետաքրքրված են Գյումրիի պատմական շինությունների վերականգնմամբ


19-րդ դարի եկեղեցի Գյումրիում, 24-ը նոյեմբերի, 2013թ.
19-րդ դարի եկեղեցի Գյումրիում, 24-ը նոյեմբերի, 2013թ.

Միացյալ Նահանգներում հետաքրքրված են Գյումրիի պատմական շինությունների վերականգնմամբ։

Վաշինգտոնի նահանգապետի օգնական Լիզա Հարփերը վերջերս այցելել էր Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք՝ ուսումնասիրելու «Կումայրի» արգելոց թանգարանի պատմական շենք-շինությունները։

«Գյումրիի մասին ընդհանրապես չէի լսել։ Այցից առաջ եմ իմացել մասնավորապես «Կումայրի» արգելոց թանգարանի մասին: Ինչ վերաբերում է արգելոցի վերակառուցմանը, ապա այն շատ իրատեսական է», - ասաց նահանգապետի օգնականը։

Գյումրիի պատմական կենտրոնը, որը հիմնականում ընդգրկում է «Կումայրի» արգելոցը, անմխիթար վիճակում է և տարիներ առաջ ընդգրկվել է «Աշխարհի հուշարձանների հիմնադրամ» կազմակերպության 100 ամենավտանգված հուշարձանների ցուցակում:

Թեև Գյումրիում ակնկալում էին, որ կազմակերպությունը միջոցներ կհատկացնի որոշ հուշարձանների վերականգնման համար, սակայն այդպես էլ որևէ շինություն չվերականգնվեց:

Տարիներ առաջ մի քանի անգամ Գյումրիում Մշակույթի նախարարությունը քննարկումներ կազմակերպեց Եվրամիության «Գյումրիի պատմական միջուկի վերականգնման» ծրագրի շրջանակներում, սակայն այս ձեռնարկն էլ քննարկումներից այն կողմ չանցավ:

«Կումայրի» արգելոցը կազմավորվել է 1980 թվականին՝ կառավարության որոշմամբ։ Նպատակը եղել է Գյումրիի տարածքում 19-րդ դարից պահպանված պատմական նշանակություն ունեցող 1800 կառույցների պահպանումը:

Պատմամշակութային շինություն վերականգնելը բավականին թանկ արժե: Լիզա Հարփերն ասում է, որ Միացյալ Նահանգներում շատ մարդիկ կան, ովքեր ցավում են այս տարածաշրջանի համար և պատրաստ են իրենց օգնությունը ցուցաբերել:

«Մի քանի միջազգային կազմակերպություններ, որոնք աշխատում են հին արժեքների պահպանության ուղղությամբ: Դրանք կապված են հայտնի բարերարների, գործարարների, նաև շատ մեծահարուստ հայերի հետ, ովքեր ուշադրություն կդարձնեն այս տարածքին: Քանի որ նրանք հայ են, դա կարող է պատճառ դառնալ, որ օգնեն, իսկ մնացած մարդիկ տեղյակ չեն, որ այսպիսի բան գոյություն ունի», - ասաց Վաշինգտոնի նահանգապետի օգնականը։

Նա նշեց, որ «Կումայրի» արգելոց թանգարանի շինություններն ուսումնասիրելու համար այս տարի մասնագետների խումբ կժամանի Գյումրի, այս պահին էլ, ըստ նրա, դրամաշնորհային ծրագիր է գրվում հատուկ արգելոցի շենքերի վերականգնման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG