Մատչելիության հղումներ

Գյումրիի պատմական կենտրոնը՝ աշխարհի վտանգված հարյուր հուշարձանների ցանկում


«Աշխարհի հուշարձանների հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը հրապարակել է «Առավել վտանգված հարյուր հուշարձանների ցանկը», որում տեղ է գտել նաեւ Գյումրիի պատմական կենտրոնը:

Որեւէ հուշարձանի վտանգված լինելու աստիճանը պարզելու համար փորձագետները հաշվի են առնում երեք առանցքային հանգամանք՝ քաղաքական զարգացումները, այդ թվում` պատերազմական գործողություններ եւ այլ բախումներ, անվերահսկելի քաղաքաշինությունը եւ արդյունաբերական օբյեկտների շահագործումը, էկոլոգիական վիճակի փոփոխությունը:

Ցուցակը հրապարակվում է երկու տարին մեկ: Հարյուր վտանգված հուշարձանների այս թվականի ցանկում նշված է նաեւ Գյումրիի «Կումայրի» արգելոց-թանգարանը: Այդ համալիրն ընդգրկում է Գյումրիի պատմական կենտրոնը, որտեղ կան 19-րդ դարի շինություններ, բնակելի շենքեր, եկեղեցիներ, այդ թվում` Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

Այս տարվա զեկույցում «Աշխարհի հուշարձանների հիմնադրամ» կազմակերպության նախագահ Բոնի Բարնհամն ասել է, որ հետզհետե ավելի լուրջ գործոն է դառնում համաշխարհային ջերմացումը, մոլորակի կլիմայի փոփոխությունը հաճախ անդառնալի վնաս է հասցնում մշակութային արժեք համարվող կառույցներին:

Կազմակերպությունը անցած տասնամյակում ավելի քան 500 դրամաշնորհ է հատկացրել տարբեր երկրներում հուշարձանների նորոգման եւ պահպանման աշխատանքների համար: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմել է 47 միլիոն դոլար: Հիմնադրամը բարեգործական այլ աղբյուրներից հավաքել է 124 միլիոն դոլար:

Վտանգված հուշարձաններ են համարվում նաեւ Ռուսաստանում` Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոնի մի քանի համալիր, ԱՄՆ-ում` «Կատրինա» փոթորկից տուժած ավանների հին շենքերը Ֆլորիդա եւ Լուիզիանա նահանգներում, Աֆղանստանում` թալիբների ռեժիմի օրոք Բուդդայի ոչնչացված արձանի ավերակները Բամյանի նահանգում, Իտալիայում` Թուրին քաղաքի Ֆրենեստրելլե ամրոցը, Իրաքում` պատերազմից ավերված բոլոր պատմամշակութային կենտրոնները եւ տասնյակ այլ կառույցներ:

Հայաստանին սահմանակից երկրներում էլ կան վտանգված շինություններ՝ Թուրքիայում` Ստամբուլի պատմական պատերը եւ քրիստոնեական մի շարք եկեղեցիներ, Վրաստանում՝ Գելաթի վանքը, Ադրբեջանում՝ Խինալիղ գյուղը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG