Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարել է սկսել ջրհեղեղից տուժած արթիկցիների փոխհատուցման գործընթացը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հունիսի 24-ին տեղի ունեցած հեղեղի պատճառած վնասների նախնական ուսումնասիրության արդյունքները:

Կառավարության փոխանցմամբ, զեկուցվել է, որ ներկայում վերականգնողական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, վերացվում են հեղեղի հետևանքները:

Վարչապետը հանձնարարել է սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը և անհրաժեշտ ուժեր ներգրավել՝ հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Խորհրդակցության արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում գումարներ կհատկացվեն հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար: Երկրորդ փուլում նախատեսվում է հեղետարի ամբողջական ուսումնասիրություն և, ըստ անհրաժեշտության, համապատասխան աշխատանքների իրականացում:

Խորհրդակցության ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը զեկուցել է Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին ստեղծված օպերատիվ իրավիճակի մասին: Նախարարը տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է գտնվում իր վրացի գործընկերների հետ: Նշվել է, որ վրացական կողմը լայն թափով շարունակում է Վերին Լարս տանող ճանապարհի վերականգնողական աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG