Մատչելիության հղումներ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.5 տոկոս


Կենտրոնական բանկի խորհուրդը այսօր Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5 տոկոս: Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9 տոկոս և 6 տոկոս:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն, մայիսին արձանագրվել է 0.7 տոկոս գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5 տոկոսի դիմաց, ինչի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա վերջին կազմել է -2.1 տոկոս:

«ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում: Միաժամանակ, ԿԲ-ը շարունակում է հետևել և մշտադիտարկել ֆինանսական շուկաների՝ Եվրամիությունում ընթացող գործընթացներից բխող զարգացումները», - ասված է հաղորդագրությունում:

Խորհուրդն արձանագրում է, որ հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ Հայաստանում «շարունակել է դիտվել համեմատաբար բարձր տնտեսական ակտիվություն, ինչն ուղեկցվել է համախառն պահանջարկի որոշակի վերականգնմամբ»․ - «Չնայած դեռևս պահպանվող ցածր ներքին պահանջարկի, այդուհանդերձ, վերջին ժամանակահատվածում Կենտրոնական բանկի և Կառավարության կողմից իրականացված խթանող քաղաքականության հետևանքով, այն վերականգնվում է սպասվածից ավելի արագ տեմպերով, ինչի մասին ակնհայտորեն վկայում է թե՛ առևտրի ոլորտի, թե՛ ապրանքների ներմուծման և թե՛ տնտեսության վարկավորման մասով արձանագրված աճը»:

«ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին կպահպանվի ցածր գնաճային միջավայր, իսկ գնաճային սպասումները կլինեն համեմատաբար կայուն, այդուհանդերձ, տարվա երկրորդ կիսամյակում գնանկումը զգալիորեն կդանդաղի: Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի պարագայում գնանկումային միջավայրն աստիճանաբար կչեզոքանա, և կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին», - հաղորդում է Կենտրոնական բանկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG