Այսօր Ժնևում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիին:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել ապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Ղարաբաղի քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքների հիմնարար խախտումները, Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտած՝ դաժանությունների կոնկրետ օրինակները:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ատելություն և բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակիրթ ողջ իրավապաշտպան համակարգի համար: Այդ քաղաքականությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով:
Թաթոյանը կարևորել է Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը մարդու իրավունքներին առնչվող միջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:
Կողմերը քննարկել են նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտների վերաբերող հարցեր: