Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:
«2016 թվականի հունիսի 18-ին Լ.Խշոյանից հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի հունիսի 3-ին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով մեկ օր անց` հունիսի 4-ին, նույն բժշկական կենտրոնում մահացել է: Հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ երեխան մահացել է՝ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով», - ասված է հաղորդագրությունում։
Նկատի ունենալով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) նախատեսված հանցագործության հատկանիշներ, կոմիտեն նշում է, որ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան պատճառը պարզելու համար», - ասված է հաղորդագրությունում։