Բրյուսելում Եվրոպական միության կենտրոնները հյուրընկալող շենքերի տանիքներին 28 դրոշ է, բայց տեսանելի ապագայում դրանցից մեկը՝ բրիտանական Union Jack-ը կանհետանա:
Մեծ Բրիտանիայում մոտ երկու միլիոն քաղաքացիներ կարծես ուշքի են եկել, նախաձեռնել են ստորագրահավաք՝ իշխանությանը դիմելով Եվրամիությանը անդամակցության հարցով նոր հանրաքվե անցկացնելու կոչով, սակայն հուլիսի 23-ի հանրաքվեն արդեն կայացել է, մասնակիցների 52 տոկոսն էլ քվեարկել է հօգուտ Եվրամիության կազմից դուրս գալու:
Եվ հիմա վերլուծաբանները գնահատում են ռիսկերն ու փորձում են հասկանալ, թե ինչ հետևանքներ կունենա Բրիտանիայի դուրս գալը Եվրամիության համար:
Ազդեցությունը կլինի չափազանց մեծ, ընդարձակ և կտարածվի բոլոր ոլորտների վրա՝ եվրոյից մինչև աշխատատեղեր և բյուջե:
Եվրոն և բրիտանական ֆունտն արդեն սկսել են արժեզրկվել, բայց դա գուցե ընդամենը շուկայի առաջին օրվա նյարդային արձագանքն է և օրեր անց կշտկվի:
Ոչ բոլոր փորձագետներն են կարծում, որ բրիտանացիների հեռանալը կթուլացնի եվրոն: Լոնդոնում գործեղ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Քեյ Նյուֆիլդի համոզմամբ՝ եվրոն կթուլանա, քանի որ ներդրողների մի մասը նախապատվությունը կտա շվեյցարական ֆրանկին կամ ամերիկյան դոլարին:
Տնտեսական հարցերի Լոնդոնի հաստատության փորձագետ Ռիչարդ Վելինգզի կարծիքով, տեղի կունենա հակառակը:
«Եվրոն նախնական թուլացումից հետո առնվազն միջնաժամկետ հեռանկարով կարժևորվի, որովհետև ձգտելով կանխել բրիտանական հանրաքվեի կրկնությունը՝ Եվրոպական միությունը կակտիվացնի ինտեգրման գործընթացները, ֆինանսական քաղաքականությունը կդառնա ավելի նպատակաուղղված, և հարուստ հյուսիսից գումարներ կուղղվեն թերզարգացած հարավ»,- ասել է Վելինգզը:
Լոնդոնը տարեկան մոտ 9 միլիարդ 200 միլիոն եվրոյի գումար է փոխանցել Եվրամիությանը, և հիմա այդ գումարը պետք է լրացվի կամ բյուջեն կրճատվի: Ի դեպ, նշենք, որ Եվրամիությունն էլ Բրիտանիային է տարեկան հատկացրել մեծ գումարներ, դա բնավ միակողմանի չէր:
Բրյուսելում գործող «Եվրոպական քաղաքականության կենտրոն» վերլուծական հաստատության փորձագետ Ֆաբիան Ցուլիգի կարծիքով, եթե «ծանրքաշայինները», մասնավորապես՝ Գերմանիան, օգնության չհասնեն, ֆինանսների նվազումից անպայման կսկսեն տուժել Լեհաստանի պես թույլ նորեկները:
Բրիտանիայի դուրս գալն անորոշություն կառաջացնի նաև առևտրի մեջ, ինչն առաջին հերթին կազդի Գերմանիայի, Հոլանդիայի, Իռլանդիայի և Կիպրոսի վրա:
Այսօր ամենակարևոր հարցն այն է, թե ինչ ձևաչափով կիրականացվի Մեծ Բրիտանիա-Եվրոպական միություն առևտուրը: Չի բացառվում, որ ընտրվի Նորվեգիայի մոդելը: Այդ երկիրը Եվրամիության անդամ չէ, սակայն ունի ազատ առևտրի համաձայնագիր և առաջնորդվում է Եվրամիության ստանդարտներով:
Եվ վերջապես, կարևոր է Բրիտանիայում աշխատող Եվրամիության քաղաքացիների կարգավիճակի հարցը: Բրիտանիայում բնակվում է Եվրամիության այլ երկրներից ժամանած մոտ 1 միլիոն 730 հազար մարդ, նրանց 80 տոկոսն աշխատում է:
Այդ մարդիկ կարող են զրկվել անվճար բուժօգնությունից և սոցիալական նպաստներից, զրկվել աշխատատեղերից: Այդ հանգամանքը նախևառաջ սպառնում է լեհերին, որոնք Բրիտանիայում ունեն հսկայական համայնք և իրենց տրանսֆերտներով օգնում են հայրենիքին:
Տհաճ հանգամանքներից մեկն էլ այն է, որ Եվրամիության երկրների ուսանողները Բրիտանիայում գուցե ստիպված կլինեն ամբողջությամբ վճարել ուսման վարձը: