Մատչելիության հղումներ

Պապ Ֆրանցիսկոս. Սուրբ Էջմիածնում ինձ զգում եմ ինչպես տանը


Երեկ երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գարեգին երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, որին ներկա են եղել Կաթոլիկ Եկեղեցու պատվիրակությունը, Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը, Հայաստանից և Սփյուռքից ժամանած թեմակալ առաջնորդներ և առաջնորդական տեղապահներ:

«Այսօր ուրախություն է մեր տանը և մեր հոգիներում, քանզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել սիրեցյալ մեր եղբայրը, որի հանդեպ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի հայ ժողովուրդը: Ձեր այցը մեր ժողովուրդը դիտարկում է որպես առիթ և հնարավորություն իր երախտագիտության զգացումներն արտահայտելու մեր ժողովրդի, Հայ Եկեղեցու և պետության նկատմամբ Ձեր ջերմ վերաբերմունքի համար: Մենք այս նվիրական սրբավայրում մեր աղոթքն ենք բարձրացնում դեպի երկինք` հայցելով, որ Տերը Ձեզ քաջառողջ երկար տարիներ պարգևի` առաջնորդելու համար Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին, Քույր Եկեղեցիների հոգևոր առաջնորդների և հավատացյալների հետ իրականացնելու և արդյունավորելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելությունը` ի սեր առավել բարօր ու խաղաղ աշխարհի և մարդկության երջանկաբեր կյանքի», - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, ասել է Գարեգին երկրորդը:

Իր հերթին, Ֆրանցիսկոս Պապը եղբայրական սիրո և ջերմ ընդունելության համար շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` ընդգծելով, որ Սուրբ Էջմիածնում ինքն իրեն զգում է ինչպես տանը:

Գարեգին երկրորդ Վեհափառի խոսքում կարևորելով միասնական աղոթքն ու խաղաղությունը` Հռոմի Սրբազան Քահանայապետը հավելել է, որ իբրև Եկեղեցիներ` կոչված են այդ խաղաղության քարոզիչները լինելու:

Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Սրբազան Քահանայապետին ընծայել է Սուրբ Պատարագի սկիհ, որի երկու կողմերում պատկերված են Վատիկանի Սուրբ Պետրոսի Տաճարն ու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, երկու Եկեղեցիների հիմնադիր սուրբ առաքյալները: Գարեգին երկրորդը Ֆրանցիսկոս Պապին նվիրել է նաև նաև Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկեր և Ֆրանցիսկոս Պապի դիմապատկերի մանրաքանդակ: Իսկ Հռոմի Պապը Վեհափառ Հայրապետին նվիրել է Սուրբ Աստվածածնի խճանկար: Ֆրանցիսկոս Պապն արձանագրություն է թողել Վեհարանի Հիշողությունների մատյանում:

Հանդիպումից հետո երկու Հովվապետերն առանձնազրույց են ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG