ԵԱՀԿ գործող նախագահ և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն այսօր Բեռլինում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահին տեղեկացրել են հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման և դրա արդյունքում ձեռք բերված համաձայնության մասին: Կողմերը, հիշեցնենք, պայմանավորվել են մեծացնել ԵԱՀԿ դիտորդների թվաքանակը հակամարտության գոտում: «Այս պայմանավորվածության նպատակն է կարգավորվել հակամարտության գոտում իրադրությունը և խաղաղության գործընթացը առաջ մղելու մթնոլորտ ստեղծել»,- ասված է հաղորդագրությունում:
Շտայնմայերը ողջունել է վերջին շրջանում հրադադարի պահպանումը: Բեռլինի հանդիպման մասնակիցնեը համաձայնել են, որ կայուն հրադադարը և վերադարձը քաղաքական բանակցություններին խիստ կարևոր նշանակություն ունեն:
«Այսօրվա բանակցությունների նպատակն էր նաև համակարգել ապագայում կատարվելիք հնարավոր քայլերը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ, հեռանկարում ունենալով Շտայնմայերի հնարավոր այցը տարածաշրջան»,- ասված է ԵԱՀԿ հաղորդագրությունում: