Կառավարության այսօրվա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ՝ տվյալ ոլորտներում պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ: Ըստ հիմնավորման՝ կառավարության կողմից որդեգրվել և իրականացվում է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն, իսկ գինեգործական արտադրանքը Հայաստանից արտահանվող սննդամթերքի հիմնական տեսակներից է և ունի ծավալային աճի մեծ ներուժ:
Հիմնադրամը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի բարձրորակ ու միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության, ներքին և արտաքին շուկաներում հայկական գինու վարկանիշի բարձրացման աջակցությանն ուղղված միջոցառումների իրականացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կարևորելով որոշման ընդունումը, ընդգծել է, որ հիմնադրամի գործունեությունից լուրջ արդյունքներ է ակնկալում: