Լրագրողական 8 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան», «Լրագրողներ հանուն ապագայի», «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ները և Գորիսի մամուլի ակումբը հայտարարությամբ են հանդես եկել հունիսի 23-ի իրադարձությունների առաջին տարվա կապակցությամբ:
«Այսօր լրանում է 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ բողոքի ակցիան իշխանությունների կողմից բիրտ ուժի կիրառմամբ ցրելու մեկ տարին։ Այդ իրադարձությունների ժամանակ ֆիզիկական բռնության ենթարկվեցին նաև 13 լրագրող և օպերատոր, խոչընդոտվեց տարբեր ԶԼՄ-ների 24 աշխատակիցների օրինական մասնագիտական գործունեությունը», - հիշեցնում են կազմակերպությունները՝ շարունակելով․ - «Ոստիկանական ստորաբաժանումների այս գործողությունները նպատակաուղղված բնույթ էին կրում, ինչի ապացույցներն են լրագրողների նկարահանող սարքերը միտումնավոր ջարդելու, դրանց հիշողության քարտերը ապօրինի առգրավելու, լրատվամիջոցների աշխատակիցներին տարբեր բաժիններ բերման ենթարկելու, տեսագրություններն ու լուսանկարները ոչնչացնելու բազմաթիվ փաստերը»։
«Տասը օր հետո կլրանա նաև այս դեպքերով հարուցված քրեական գործի մեկ տարին։ Համաձայն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հարցմանն ի պատասխան Հատուկ քննչական ծառայության տրամադրած տեղեկությունների՝ այն երկարաձգվել է մինչև ս. թ. օգոստոսի 17-ը։ Նախաքննության ընթացքում հարցաքննվել են ԶԼՄ-ների 25 ներկայացուցիչներ, որոնցից 21-ը տուժող են ճանաչվել։ Սակայն զավեշտալին այն է, որ մինչ օրս գործով չկա և ոչ մի մեղադրյալ կամ կասկածյալ։ Եվ դա այն դեպքում, երբ համացանցը ողողված է տեսանյութերով, որտեղ բացահայտ երևում է, թե ովքեր են վայրագություններ իրականացնողները։ Այս ամենը վկայում է քրեական գործը ձևական վարելու և այն կոծկելու միտումի մասին», - ասված է հայտարարությունում:
8 կազմակերպությունները վերահաստատում են իշխանություններին ուղղված իրենց պահանջները՝ «անաչառ և պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել հարուցված քրեական գործի նկատմամբ և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ զբաղեցրած պաշտոններից»: