Մատչելիության հղումներ

Գործազուրկների թիվը Հայաստանում վերջին երեք տարիներին շարունակում է աճել


Գործազուրկ տղամարդիկ Արմավիրի մարզում, արխիվ:
Գործազուրկ տղամարդիկ Արմավիրի մարզում, արխիվ:

Թեև, ըստ պաշտոնական տվյալների, շարունակվում է նաև տնտեսական աճը․ 2010-2015 թվականներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է 3.5 տոկոս:

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, 2013 թվականին Հայաստանում գործազուրկ էին 224․6 հազար մարդ, 2014-ին՝ 242.1 հազարը, իսկ 2015-ին՝ է՛լ ավելի շատ՝ 243.7 հազար մարդ:

Գործազուրկների թիվը ավելացել է նաև այս տարի, թեև, պաշտոնական տվյալներով, տնտեսական աճը շարունակվում է: ԱՎԾ հրապարակած վերջին տվյալների համաձայն, այս ապրիլին գործազուրկ էին 80 693 մարդ, ինչը նկատելիորեն շատ է նախորդ տարվա ապրիլի տվյալներից, երբ գործազուրկ էին 74 246-ը:

Թե մի քանի տարի շարունակվող տնտեսական աճի պայմաններում ինչու է գործազուրկների թիվը անշեղորեն աճում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը խորհուրդ տվեց հարցը դիտարկել ավելի երկարատև ժամանակահատվածի կտրվածքով, թեև, ըստ պաշտոնյայի, տնտեսության աճը պետք է հանգեցնի գործազրկության անկմանը:

«Նմանատիպ ցուցանիշների կապը որպեսզի հասկանանք, նաև ընդհանուր միտումը, տենդենցը, բնական է, որ մեկ, երկու, երեք տարիների վիճակագրությամբ նման պնդում, ինչը Դուք հիմա ասում եք, ես դրա հետ ուղղակի համաձայն չեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ավետիսյանը՝ պնդելով․ - «Պիտի արվի երկարաժամկետ՝ տասը, տասնհինգ, քսան, մինչև հարյուր տարվա վերլուծություններ են անում երկրները, որպեսզի նման ցուցանիշների հստակ կորելյացիոն միտումները կարողանան վերհանել»:

Ընդ որում, երկրում գործազուրկների թիվը շարունակում է աճել Հայաստանից մեկնողների չդադարող հոսքի պայմաններում: Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, 2013-2015 թվականներին Հայաստանից մեկնել ու չեն վերադաձել 116.3 հազար մարդ:

Այս ամենի ֆոնին իշխանությունները շարունակում են խոսել տնտեսական աճին միտված իրենց քայլերից, ինչի մասին անցած ուրբաթ վերստին հիշեցրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը․ - «Մենք ամեն ինչ անում ենք, որը նպաստի տնտեսության զարգացմանը, այլ ոչ թե խաթարի բիզնեսի զարգացմանը: Դա է մեր մոտեցումը»:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի խոսքով, նշված թվերը պարզորոշ վկայում են, որ նախորդ տարիներին գրանցված տնտեսական աճը, եթե անգամ չանվանենք «ֆիկտիվ», ակնհայտորեն որակական չի եղել, հետևաբար չի անդրադարձել ո՛չ գործարար միջավայրի, ո՛չ աշխատաշուկայի վրա:

«Ընդհանուր աղքատացումը, ընդհանուր այդ պատկերը, որ կա Հայաստանում, դրա վառ ապացույցն է նաև մեր ներմուծած ծավալների կրճատումը, այսինքն կրճատվել է մեր սպառումը: Այդ ցուցանիշները ակնհայտորեն խոսում են նրա մասին, որ սոցիալ-տնտեսական իրավիճակը, այնուամենայնիվ, բարվոք չէ, դրական տեղաշարժեր չեն եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղիազարյանը:

Երևանի փողոցներում մարդիկ գրեթե միակարծիք էին՝ իշխանությունների հայտատարած տնտեսական աճը իրենք չեն զգում, իսկ աշխատանք գտնելը շարունակում է դժվար խնդիր մնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG