«Հանդիպումը բավական կարևոր էր, անցել է կառուցողական մթնոլորտում: Որոշ հարցերում փոխըմբռնում է ձեռք բերվել», - այս գնահատականն է, ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի, սանկտպետերբուրգյան քննարկումներին տվել Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը:
AzerTac լրատվական գործակալությունն էլ վկայակոչել է Ադրբեջանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամեդյարովին, ով, փաստորեն, գրեթե կրկնել է իր հայ պաշտոնակցի տեսակետն՝ ասելով, թե «հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և Ադրբեջանը դրական է գնահատում արդյունքները»:
Ռուսաստանցի փորձագետները նշում են, որ, ինչպես և ակնկալվում էր, էական առաջընթաց Սանկտ Պետերբուրգում չի գրանցվել: Բայց և չի կարելի ասել, որ այդ բանակցություններն անիմաստ էին և սոսկ արարողակարգային:
Ինչպես Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Դինկինն է նկատել, «եթե Վլադիմիր Պուտինն իր քաղաքական կապիտալն է նվիրաբերում այդ եռակողմ հանդիպմանը, ապա թույլ չի տա, որ ձախողում լինի»:
Պետերբուրգի հանդիպումից հետո ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ. Արևմուտքը գործնականում ընդունել է, որ կարգավորման հարցում առաջատարը Մոսկվան է լինելու: Եվ հենց Մոսկվան էլ, ըստ «Կոմերսանտ»-ի վերլուծաբան Սերգեյ Ստրոկանի, արդյունքում պետք է Երևանին դրդի գնալ փոխզիջման, «քանի որ այլ ելք չկա»:
Վերլուծաբանը հիշեցնում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիևը պնդել է, թե «չարաչար սխալվում է նա, ով մտածում է, որ Ադրբեջանը կարող է ևս 20 տարի անպտուղ բանակցություններ վարել»: Իսկ Պուտինի հետ հանդիպումից հետո հստակ հայտարարել է, որ ստատուս քվոն Բաքվի համար անընդունելի է:
Վճռականությունն ապացուցելու համար Ադրբեջանը շփման գծի մոտակայքում նախաձեռնել է լայնածավալ զորավարժություններ, ինչին Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն արձագանքել է, թե Ադրբեջանն անվստահելի գործընկեր է:
«Զորավարժությունների անցկացումն այս շրջանում հիմարություն է և շանտաժի դրսևորում», - «Ինտերֆաքս»-ին ասել է Բաբայանը:
Ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ, Հայաստանի ղեկավարների համար այս պահին զիջումների գնալը կնշանակի վտանգել ոչ միայն սեփական հեղինակությունը, այլև ընդհանրապես իշխանության գլուխ մնալը, «քանի որ ապրիլյան իրադարձությունները երկրի ներսում դիտվում են որպես լուջ ցնցում և նույնիսկ անհաջողություն՝ ոչ մահացու, ոչ ճակատագրական, բայց, այնուամենայնիվ, անհաջողություն»:
Ադրբեջանցիներն ապրիլյան մարտերը գնահատում են որպես նվաճում: Բանակը չի կարողացել էապես ներխուժել Ղարաբաղի տարածք, բայց իշխանությունը համոզված է, որ ապրիլյան բախումների արդյունքը կարող է համարել ապագա հաջողությունների գրավական:
Իսկ հայկական կողմը դժգոհ է, դատապարտում է ռուսներին՝ ադրբեջանցիներին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու համար:
Սերգեյ Մարկեդոնովի փոխանցմամբ, «Ադրբեջանի համեմատությամբ, Հայաստանում հանրային կարծիքը և ընդդիմությունն ունեն շատ ավելի կարևոր նշանակություն, և զիջումներն անպայման կդիտվեն որպես ապրիլյան իրադարձությունների հետևանք ու թուլության դրսևորում»: