Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է ՆԱՏՕ-ի զորավարժությունները Արևելյան Եվրոպայում՝ կոչ անելով ավելի ակտիվ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ:
«Այն, ինչից մենք հիմա պետք է զերծ մնանք, դա զինված բախումն է ու ռազմական կոչեր հնչեցնելը»,- Շտայնմայերի այս խոսքերն է մեջբերում Bild am Sonntag պարբերականը: «Նրանք, ովքեր վստահ են, որ տանկերի խորհրդանշական տեղաշարժը մեծացնում է անվտանգության մակարդակը ՆԱՏՕ-ի արևելյան սահմաններին, մոլորության մեջ են»,- նաև ասել է Գերմանայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Շտայնմայերի խոսքով, հիմա ճակատագրական սխալ կլինի ամբողջ ուշադրությունը ռազմական ասպեկտների և վախ սերմանելու քաղաքականության վրա կենտրոնացնելը:
Հունիսի 7-ից 17-ը ՆԱՏՕ-ն Լեհաստանում սկսել է երբևէ ամենամեծ զորավարժությունները: «Անակոնդա-16» անվանումը կրող այս վարժանքները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Կենտրոնական և Արևելյան Եվրոպան անվտանգության ավելի ուժեղ երաշխիքներ է փնտրում՝ դիմակայելու Ռուսաստանի աճող ագրեսիային: Զորավարժություններին մասնակցում է 31 հազար զինվորական Լեհաստանից, Միացյալ Նահանգներից և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրներից: Ռուսաստանը պնդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի ներկայությունն իր սահմանի մոտ սպառնալիք է երկրի անվտանգությանը: