Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Ստորագրված համաձայնագիրը ընդդիմության պատմական հաղթանակն է


Զուրաբյանը նաև համարում է, որ ձեռք բերված համաձայնության «ուժի մեջ մտնելու բանալին գտնվում է իշխանությունների ձեռքում»:

Ընտրական օրենսգրքում առանցքային մի շարք փոփոխություններ կատարելու վերաբերյալ երեկ ստորագրված համաձայնագիրը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով, ընդդիմության պատմական հաղթանակն է, որը ձեռք բերվեց քաղհասարակության ու միջազգային կառուցների աջակցությամբ։

«Ես պատրանք չունեմ: Եթե Հայ ազգային կոնգրեսը մենակ որոշեր այս հարցը լուծեր, մենք ոչ մի արդյունքի չէինք հասնի: Կամ որևէ այլ քաղաքական ուժ: Բայց հանրաքվեից հետո բոլորը հասկացել էին, որ մեծ մասշտաբով ընտրությունները կեղծվում են Հայաստանում, և այդ դժգոհությունը պետք էր ճիշտ աշխատացնել՝ անհրաժեշտ փոփոխություններ ստանալու նպատակով», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը:

4+4+4 պայմանական ձևաչափում ընդգրկված ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունն ու ՀՀԿ-ն երեկ կառավարության անդամների հետ ընդդիմության 4 պահանջները բավարելու նպատակով Ընտրական օրենսգիրքը փոփոխության ենթարկելու համաձայնագիր ստորագրեցին։ Ըստ այդմ, կուսակցություններին հասանելի կլինեն բոլոր 2 հազար տեղամասերում քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները, քվեարկությունը կթույլատրվի միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը կտրամադրի անվճար, տեղամասերում կտեղադրվեն տասը մատնահետքերը ստուգող սարքեր, ընտրական ամբողջ գործընթացը բոլոր տեղամասերից կհեռարձակվի ուղիղ եթերով։

Հաղթանակ համարելով համաձայնագիրը՝ Լևոն Զուրաբյանը միևնույն ժամանակ խորհուրդ է տալիս շատ չոգևորվել․ - «Այս համաձայնությունը ինքնին ընդամենը համաձայնություն է թղթի վրա, և երաշխիք չի ստեղծվում, որ ապագայում իշխանությունները ձև չեն գտնի, ասենք, խուսափելու այս համաձայնությունից, վիժեցնելու կամ գտնելու ընտրակեղծարարության այլ ձևեր»:

Նախնական հաշվարկներով, ընտրական գործընթացում կիրառվելիք նորամուծությունների ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 16 միլիոն եվրո։ Զուրաբյանի փոխանցմամբ, հաշվի առնելով քաղաքական ուժերի միջև կայացած կոնսենսուսը, միջազգային կառույցները պատրաստ են տրամադրել մոտ 11 միլիոնը։

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ, ընտրություններն իսկապես ազատ ու արդար անցկացնելու համար, իշխանությունները պարտավոր են հայթայթել պակասող 5 միլիոնը․ - «Ես համարում եմ, որ համաձայնության ուժի մեջ մտնելու բանալին գտնվում է իշխանությունների ձեռքում»:

Համաձայնագրի տակ չստորագրեցին միայն 4+4+4 ձևաչափի մաս կազմող քաղհասարակության ներկայացուցիչները, հայտարարելով՝ փոփոխություններին դրական են վերաբերվում, սակայն կարծում են, որ դրանցով հանդերձ գործող օրենսգիրքը հետընթաց է նախորդի համեմատ։

Քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իրենց համար մտահոգիչ են հատկապես ԶԼՄ-ների ու դիտորդների թվի սահմանափակումն ու ռեյտինգային քվեարկությունը․ - «Մենք համարում ենք, որ այդ ցուցակները չեն բերի ավելի ազատ ընտրությունների, այլ հակառակը՝ այդ ցուցակների կիրառումը կբերի կրիմինալ ռեսուրսների մոբիլիզացիայի»:

Ստորագրված համաձայնագիրը կոնսենսուս չի համարում 4+4+4 ձևաչափով քննարկումներին չմասնակցած ընդդիմադիր «Ժառանգություն»-ը։ Կուսակցության այսօր տարածած հաղորդագրության մեջ նշում է, թե փոփոխություններն ամբողջությամբ չեն լուծում ընդդիմության ներկայացրած պահանջները և փաստորեն իրենցից ինչ-որ «կիսահնարավորություն» են ներկայացնում:

Բազմաթիվ ընտրություններում ակտիվ դիտորդություն իրականացրած Արսեն Օհանյանը դրական է գնահատում տեղամասերում տեսախցիկների առկայությանը, սակայն կասկածներ ունի իշխանության այս նախաձեռնության առնչությամբ․ - «Խնդիրը դրա կատարման մեջ է․ ո՞նց են դա անելու, ո՞վ է վերահսկելու այդ ամեն ինչը, ծրագրային ապահովումը ո՞ւմ վրա է լինելու: Վերջ ի վերջո, մի բան, որ իրենք են նախաձեռնում, արդեն վստահելի չէ․ եթե իրենք դա նախաձեռնել են, հավանաբար, իրենք հաշվարկել են նաև, թե ոնց են դա շրջանցելու»:

Չնայած քաղհասարակության ներկայացուցիչների դժգոհությանը՝ ակնկալվում է, որ արդեն առաջիկա օրերին Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը կհայտնվի խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգում։

XS
SM
MD
LG