Մատչելիության հղումներ

Իշխանությունը պատրաստ է ԸՕ-ի վերաբերյալ ընդդիմության չորս պահանջին լուծում տալ


Դավիթ Հարությունյան, արխիվ
Դավիթ Հարությունյան, արխիվ

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստ են արտահերթ նստաշրջան հրավիրել։ Քաղհասարակությունն ու ընդդիմությունն իրենց վերջնական համաձայնությունը կտան այսօր ուշ երեկոյան։

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ 4+4+4 ձևաչափով ամիսներ շարունակվող բանակցությունները ընդդիմության ու քաղհասարակության համար կարող են ցանկալի արդյունք ապահովել։

Չորեքշաբթի օրը այս ձևաչափով Ազգային ժողովում մինչև ուշ գիշեր տևած քննարկման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ քաղհասարակության ու ընդդիմության ներկայացրած հինգ պահանջներից չորսին լուծումներ տալու համար իշխանությունները պատրաստ են արտահերթ նստաշրջան հրավիրել և փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

Այդ փոփոխությունների համաձայն, ըստ Հարությունյանի, կուսակցությունների համար հասանելի կլինեն անգամ այն տեղամասերում ընտրությանը մասնակցած անձանց ցուցակները, որտեղ նրանք չեն ունեցել հանձնաժողովի անդամներ կամ վստահված անձինք։ Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունը մինչև ընտրությունները կտրամադրի անվճար։ Քվեարկությունից առաջ կստուգվեն նաև ընտրողների տասը մատնահետքերը։ Բոլոր 2000 տեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ, ընտրական գործընթացը կհեռարձակվի նաև ուղիղ եթերով։

«Ցանկացած քննարկման ժամանակ միշտ կարելի է ասել՝ «է՛լ ավելի կարելի՞ է բարելավել»։ Չկա օրենք, որը հնարավոր չէ ավելի բարելավել։ Բայց, ինչպես ասում են, լավագույնը լավի ամենամեծ թշնամին է, և իսկապես մենք տվյալ պարագայում կարող ենք ուղղակի հայտնվել անիմաստ իրավիճակում։ Որպեսզի այս փոփոխությունները կյանքի կոչվեն, անհրաժեշտ է արտահերթ նստաշրջան, անհրաժեշտ է այս փոփոխությունները մշակել, ոչ միայն մշակել, արտահերթ նստաշրջանով ընդունել, այլ ենթադրում է, որ դոնոր կազմակերպությունները պետք է հասցնեն ֆինանսավորել, ֆինանսավորումից հետո պետք է հասցնել այդ ամբողջը կյանքի կոչել», - ասաց Հարությունյանը։

Կառավարության ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ քաղհասարակությունն ու ընդդիմությունն իրենց վերջնական համաձայնությունը կտան այսօր ուշ երեկոյան։

4+4+4 ձևաչափի հեղինակ՝ Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս առաջարկներով իշխանության հետ լայն կոնսենսուս չի կայանում, սակայն ներկայացված լուծումներն իրենց համար ընդունելի են։

«Տեսեք, եթե մենք ցուցակները մաքրում ենք, մատնահետքերով իդենտիֆիկացիա է լինում քվեարկողների, եթե այնուամենայնիվ հնարավորություն ենք ստանում բոլոր քվեարկածների անվանական ցուցակը կոնսոլիդացնելու, ունենալու, եթե մենք տեսախցիկներով ամբողջ գործընթացը ազգովին վերահսկում ենք, ինձ համար ակնհայտ է, որ մենք ընտրակեղծիքների դաշտը էապես նեղացնում ենք՝ միգուցե 75 տոկոսով։ Իհարկե, դա չի նշանակում 100 տոկոսի վերացում։ Բայց հարց է ծագում՝ արդյո՞ք մենք պետք է կորցնենք հնարավորությունը էդ 75 տոկոսով ընտրակեղծիքների դաշտը վերացնելու», - ընդգծեց Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG