Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Դանիա։
Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Միրզոյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, անդրադարձել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված արդի իրավիճակին, մասնավորապես՝ ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրության համատեքստում:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Նախարարը ներկայացրել է նաև Ղարաբաղում տեղի ունեցող պետականաշինության գործընթացը, ազատ ու ժողովրդավարական հասարակության ձևավորման ուղղությամբ Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը:
Նույն օրն արտգործնախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայում Հայաստանի դեսպանության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը, ասված է հաղորդագրությունում:
Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը, կարևորելով Դանիայում առաջին անգամ Ղարաբաղում նվիրված միջոցառման անցկացումը, նշել է, որ Ղարաբաղի անկախացումը խարսխված է ազատության հասնելու, սեփական կյանքն առանց բռնաճնշման տնօրինելու և դարերի մշակույթն ու ինքնությունը պահելու հայի աներկբա ձգտման վրա:
Կարեն Միրզոյանն իր խոսքում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի անցած ուղին՝ նշելով, որ Ղարաբաղի ձեռքբերումներն անհնարին կլինեին առանց Հայաստանի և աշխարհասփյուռ հայության շարունակական օժանդակության:
Նա շեշտել է, որ այսօր Ղարաբաղի կողքին են ոչ միայն հայրենակիցները, այլև՝ բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում և՝ Դանիայում, որոնք արցախցիների հետ կիսում են նույն արժեքները և գաղափարները՝ հիմնված ժողովրդավարական ազատությունների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հրամայականի վրա:
Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ անկախ պետականաշինության ճանապարհին արցախցիների գրանցած հաջողություններն աննկատ չեն մնում, և վաղ թե ուշ Ղարաբաղը դառնալու է քաղաքակիրթ աշխարհի լիիրավ անդամ:
Նա կոչ է արել աշխատել հանուն խաղաղ և կայուն Հարավկովկասյան տարածաշրջանի տեսլականի, որը հավասարապես կապահովի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: