Մատչելիության հղումներ

ՀԿ-ները դեմ են Ոսկեձորի հանքավայրի շահագործմանը


Սյունիքում գործող 4 հասարակական կազմակերպություններ դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել «Գեղի գոլդ» ընկերությանը տրված Ոսկեձորի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։

Կապանի «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանի կարծիքով, հանքի շահագործումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն հանքավայրի մերձակա Գեղի համայնքի, այլև Կապանի խմելու ջրի որակի վրա։

«Որտեղ որ հորատումները կատարվում են, մոտ 10 կիլոմետր բարձր է, քան ջրի ռեզերվուարները։ Եթե բարձր է, հողային աշխատանքները լուրջ ռիսկեր է պարունակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փարսադանյանը։

«Գեղի գոլդ» ընկերությունը, նրա փոխանցմամբ, արդեն իրականացնում է հորատումներ, հողային աշխատանքներ և առաջիկայում նախատեսում է կազմակերպել նաև հանքարդյունահանում և հանքաքարի վերամշակում:

4 տարի ոսկու որոնողական աշխատանքներից հետո «Գեղի գոլդ»-ը հայտ է ներկայացրել՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Գեղի և Լորի համայնքների տարածքում գտնվող հանքի շահագործման լիցենզիա ստանալու: Ըստ «Հետք» պարբերականի, ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը 2012 թվականից պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։

Մինչև 2012-ը նույն տարածքում հետազոտական աշխատանքներ էր իրականացնում «ԲԱՄՕ մետալ» ընկերությունը։ Հանրային դժգոհությունը հանքավայրի շահագործման ծրագրի դեմ սկսվել էր դեռ այն ժամանակ։

Արմեն Փարսադանյանը պատմեց, որ 2012 թվականին Սուրիկ Խաչատրյանն ինքն էլ էր դեմ ոսկու հանքի շահագործմանը․ - «Մոտ 2 ժամ առանձնազրույց է տեղի ունեցել իմ և Սուրիկ Խաչատրյանի միջև։ Ինքն էլ էր դեմ, ճիշտն ասած, որ «ԲԱՄՕ մետալ»-ը շահագործի, թե՝ ստեղ պետք է հայրենասեր շահագործի, տեղացի շահագործի»։

Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի ծրագիրը մայիսի 26-ին արդեն քննարկվել է Գեղի համայնքում։ Համայնքի ղեկավար, ՀՀԿ անդամ Վասիլ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք կողմ են հանքի շահագործամանը, քանի որ հանքարդյունաբերողները խոստացել են 300 աշխատատեղ բացել գյուղում։

«Գեղի գոլդ» ընկերության տնօրեն Արմեն Բակունցը հրաժարվեց իրենց ծրագրի մասին մանրամասներ հայտնել, մասնավորապես՝ հանքը բաց թե փակ եղանակով է շահագործվելու, ինչ ծավալի ոսկի է արդյունահանվելու․ - «Էնպես չի, որ խուսափում եմ խոսելուց, բայց ինչի պետք է էդքան բանը ձեզ ասեմ»։

Դիտարկմանը, որ իրենց ծրագիրը բացասական ազդեցություն է ունենալու Կապանի խմելու ջրի վրա, Բակունցը հակադարձեց․ - «Իմ էրեխեքը Ղափանում են բնակվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG