Մատչելիության հղումներ

Վրացական ընդդիմության համոզմամբ՝ վարչապետի այցը Բեռլին անարդյունք էր


Վրաց ընդդիմադիր գործիչ Սալոմե Սամադաշվիլի, արխիվ
Վրաց ընդդիմադիր գործիչ Սալոմե Սամադաշվիլի, արխիվ

Կառավարության ներկայացուցիչները, մինչդեռ, վստահ են` ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի ավարտին քիչ ժամանակ է մնացել:

Վրաստանի և Եվրամիության միջև ազատ վիզային ռեժիմ սահմանելու հարցում Բեռլինը աջակցում է պաշտոնական Թբիլիսիին` չհստակեցնելով, սակայն, թե երբ ի վերջո Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի ազատորեն մուտք գործել Շենգենյան գոտու տարածք: Ավելին, Բեռլինում վստահ են, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցում Վրաստանն ու Ուկրաինան հարկավոր է դիտարկել մեկ միասնական փաթեթի շրջանակում:

Չորեքշաբթի օրը Բեռլինում` Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ բանակցությունների ավարտին այս մասին էր հայտարարում Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:

«Եվրոպական հանձնաժողովի որոշման համաձայն՝ Վրաստանը կատարել է անհրաժեշտ բոլոր պայմանները, և այժմ խոսքը վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների հստակեցման մասին է: Մենք, սակայն, այժմ քննարկում ենք ազատ վիզային ռեժիմի հնարավոր սառեցման հարցը: Դա ընդհանուր խնդիր է և բացառապես Վրաստանին չի վերաբերում: Եթե հանկարծ խնդիրներ ծագեն, ասենք՝ մի որևէ երկրի մեծ թվով քաղաքացիներ հանկարծ Եվրամիության տարածքում սկսեն ապաստան խնդրել, ինչպես եղավ անցած տարի Սերբիայի պարագայում, ապա անհրաժեշտություն է ծագելու այնպիսի մեխանիզմ ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի դադարեցնել այդ ռեժիմի գործողությունը: Եվրոպական խորհրդարանն այժմ զբաղված է այս խնդրի ուսումնասիրությամբ, և ես հուսով եմ, որ շուտով Վրաստանին ազատ վիզային ռեժիմ տրամադրելու հարցը կգտնի իր լուծումը», - հայտարարում էր Անգելա Մերկելը:

Նախապես ակնկալվում էր, որ Վրաստանի քաղաքացիները առանց մուտքի վիզաների կկարողանան մուտք գործել Եվրամիության տարածք արդեն այս ամռանը: Վրացական կողմը, սակայն, Բեռլինում կայացած բանակցությունների ընթացքում ժամկետների առումով որևէ հստակ խոստում այդպես էլ չստացավ:

Չնայած բանակցությունների ակնհայտ համեստ արդյունքներին, Կվիրիկաշվիլիի կառավարության ներկայացուցիչները վստահ են` վիզաների ազատականացման գործընթացի ավարտին քիչ ժամանակ է մնացել:

Փոխվարչապետ Կախա Կալաձեի համոզմամբ, օրինակ, Վրաստանին Եվրամիության հետ վիզային ռեժիմի ամբողջական ազատականացմանը հասնելու համար ընդամենը մեկ քայլ է մնացել: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թեդո Ջափարիձեն, ով, ի դեպ, ընդգրկված էր վարչապետ Կվիրիկաշվիլիի` Բեռլին մեկնած պատվիրակության կազմում ևս բավական լավատեսորեն էր տրամադրված:

«Տիկին Մերկելի հայտարարություններից պարզ դարձավ, որ Գերմանիան հստակորեն աջակցում է Վրաստանին ազատ վիզային ռեժիմ տրամադրելուն: Դրա հետ մեկտեղ, ժամկետների հարցում առայժմ հստակություն չկա», - նշում էր «Վրացական երազանք» դաշինքի անդամը:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչների համոզմամբ, սակայն, Կվիրիկաշվիլիի բեռլինյան այցը որևէ էական արդյունքի այդպես էլ չհանգեցրեց: Այդ մասին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Միխեիլ Սաակաշվիլիի Ազգային միացյալ շարժման անդամ, կուսակցության համամասնական ցուցակի յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Սալոմե Սամադաշվիլին, ով նախկին նախագահի իշխանության տարիներին զբաղեցնում էր Եվրամիության կառույցներում Վրաստանի դեսպանի պաշտոնը:

«Իրականում սա անօգուտ այց էր: Նման այցով վարչապետը պետք է Բրյուսել մեկներ դեռ շատ վաղուց: Այդ դեպքում մեր երկիրը կկարողանար հասնել ազատ վիզային ռեժիմի հաստատմանը մինչև Բրյուսելում շրջանառության մեջ կդրվեր այդ ռեժիմի սառեցման մեխանիզմի նախագիծը: Դա հնարավոր կլիներ, քանի որ միգրացիայի առումով Վրաստանը խնդրահարույց երկիր չէ, այդ մասին հայտարարեց նաև Անգելա Մերկելը: Բայց կառավարությունը չկարողացավ այս մոտեցումը ճիշտ ժամանակին ներկայացնել, և ահա արդյունքը` վրացական պատվիրակությունը Բեռլինից վերադառնում է առանց որևէ արդյունքի», - հայտարարել է Սամադաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG