Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպաններ՝ Արման Թաթոյանն ու Ռուբեն Մելիքյանը համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի փոխգնդապետ, Հայաստանի քաղաքացի Ալեքսան Առաքելյանի վարորդական վկայականը Ադրբեջանում հայտնաբերելու մասին։
Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Հունիսի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվել է տեղեկություն այն մասին, որ Բաքվում հայտնաբերվել է Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրված վարորդական վկայական (BC տեսակի, տրված 2014 թվականի օգոստոսի 27-ին, վկայականի համար՝ RG 052597) Ալեքսան Առաքելյանի անունով: Տեղեկության վերաբերյալ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի և Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերն իրականացրել են առանձին ուսումնասիրություններ և հանգել հետևության, որ տեղեկության մեջ նշված փաստաթուղթը առերևույթ պատկանում է Ղարաբաղի պաշտպանության բանակի փոխգնդապետ, Հայաստանի քաղաքացի 1982 թվականին ծնված Ալեքսան Առաքելյանին»։
Օմբուդսմենները նշել են, որ Ալեքսան Առաքելյանն անհետ կորել է ապրիլի 2-ին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրը։ Առաքելյանի դիակը ադրբեջանական կողմը ղարաբաղյան իշխանություններին վերադարձրել է ապրիլի 10-ին։
«Նշվածի կապակցությամբ արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմը պարտավոր է կատարել Միջազգային մարդասիրական իրավունքով՝ 1949 թվականի Ժնևի Առաջին կոնվենցիայի 16-րդ հոդվածով ուղղակիորեն սահմանված պարտականությունը և ապահովել նշված փաստաթղթի վերադարձնելը փոխգնդապետ Առաքելյանի ընտանիքին՝ պահպանելով բոլոր պահանջվող կանոնները: Ադրբեջանական իշխանությունները նաև պարտավոր են հանգամանալից քննության արդյունքում տալ մանրամասն հրապարակային բացատրություն այն մասին, թե փոխգնդապետ Առաքելյանին պատկանող անձնական փաստաթուղթն ինչպես է հայտնվել Բաքվում և այն էլ հանրային տարածքում», - ասված է հայտարարությունում:
Օմբուդսմենները, միևնույն ժամանակ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող և հատկապես՝ Ադրբեջանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններին կոչ են արել խստորեն հետևել միջազգային մարդասիրական իրավունքի նկարագրված խախտումը վերացնելու, ինչպես նաև խախտման պատճառների վերաբերյալ քննություն իրականացնելու` ադրբեջանական իշխանությունների պարտավորության կատարման ընթացքին:
«Հայտնում ենք նաև, որ նկարագրված փաստը լինելու է Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում», - ասված է օմբուդսմենների համատեղ հայտարարությունում: