Ռուսաստանի և Վրաստանի ուղղափառ եկեղեցիները հրաժարվում են մասնակցել Ուղղափառ եկեղեցիների պատմական խորհրդաժողովին, որը նախատեսվում է անցկացնել հունական Կրետե կղզում` հունիսի 17-ից 26-ը:
«Մի իրավիճակում, երբ դարեր շարունակ այս մակարդակի խորհրդաժողով չի անցկացվել, թերևս արժեր ավելի երկար ժամանակ հատկացնել նախապատրաստական աշխատանքներին», - «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Լեգոյդան:
Իր հերթին` Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը` պատրիարք Իլիա երկրորդը, հայտարարել է, որ նախքան խորհրդաժողովի անցկացումը անհրաժեշտ է «հասնել Ուղղափառ եկեղեցու ճյուղերի միասնականությանը»:
Ավելի վաղ խորհրդաժողովին մասնակցելուց հրաժարվել էին Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին, Անտիոքի (Սիրիայի) եկեղեցին և Սերբիայի ուղղափառ եկեղեցին:
Մասնակցությունից հրաժարվելու մասին այս հայտարարությունները կասկածի տակ են դնում Կոստանդնուպոլսի պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոս առաջինի նախաձեռնած խորհրդաժողովի անցկացումը:
Վերջին անգամ ուղղափառ եկեղեցիների առաջնորդների մասնակցությամբ նման բարձր մակարդակի համաեկեղեցական խորհրդաժողով է անցկացվել 787 թվականին: Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները պաշտոնապես բաժանվել են 1054 թվականին: