Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Բելգիայի Մեխելեն քաղաք:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Սահակյանը հանդիպել է քաղաքապետ Բարտ Զոմերսի, փոխքաղաքապետ Մարկ Հենդրիքսի և մի շարք պաշտոնյաների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մեխելենի և Ղարաբաղի փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Նախագահը նշել է, որ արցախյան և տարբեր երկրների քաղաքների ու շրջանների միջև կապերի հաստատումն ու զարգացումը երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է, հատկապես՝ տնտեսական, մշակութային, գիտակրթական և մարդասիրական ոլորտներում:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պատվին Մեխելենի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն, որին մասնակցել են նաև մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նույն օրը Սահակյանն այցելել է Մեխելեն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձան և ծաղկեպսակ դրել այնտեղ:
Բակո Սահակյանը կարևորել է նման հուշարձանների առկայությունը տարբեր երկրներում՝ նշելով դրանց դերակատարությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և անմեղ զոհերի հիշատակը հավերժացնելու տեսանկյուններից: