Մատչելիության հղումներ

Հուլիսից գործազուրկ կդառնան «Նաիրիտ»-ի վերջին աշխատողները


«Նաիրիտ» գործարան, արխիվ
«Նաիրիտ» գործարան, արխիվ

Գործարանի նախկին աշխատողները վարչապետին կոչ են անում կոռուպցիայի դեմ պայքարը սկսել «Նաիրիտ»-ից:

«Նաիրիտ» գործարանի վերջին 460 աշխատողները ծանուցագրեր են ստացել այն մասին, որ հուլիսի 1-ից այլևս չեն աշխատելու։ «Նաիրիտ»-ի ևս 1700 աշխատողներ գործազուրկ էին դարձել դեռ անցած տարի։ Գործարանի ներկա վիճակն ու հետագա ծրագրերն ուսումնասիրելու համար Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հանձնարարությամբ մարտին աշխատանքային խումբ էր ստեղծվել։

Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախարար Լևոն Յոլյանից այդ խմբի եզրակացությունը պահանջեց ու հարցրեց՝ արդյո՞ք գույքագրումն ու աշխատողներին հեռացնելը չի նշանակում, որ գործարանը փակվում է:

«Պարոն Յոլյան, ձեր գրավոր պատասխանը տպավորություն է ստեղծում, որ դուք փորձում եք թաքցնել ճշմարտությունն այն մասին, որ ունեք գործարանը փակելու և դրա գույքը բաժանելու որոշում: Եվ հիմա ընդամենը զբաղված եք այդ պլանի հիմքերը նախապատրաստելու և այդ որոշման պատասխանատվությունը ձեր վրայից գցելու գործով»,- խորհրդարանում ասել էր Զուրաբյանը։

Ի պատասխան, նախարարը նշել է՝ «Տեղեկացնեմ ձեզ, որ «Նաիրիտ»-ի աշխատանքները դադարեցվել են 2010 թվականի մարտից, և մինչ օրս կաուչուկի արտադրություն գոյություն չունի այդ ձեռնարկությունում: Ծանուցման կարգով ասեմ, որ «Նաիրիտ»-ի պահպանության խնդիրները, որոնք կան այսօրվա դրությամբ, պետք է իրականացնեն համապատասխան լիազորություն և փորձառություն ունեցող կազմակերպությունները, Արտակարգ իրավիճակների նախարարի հետ տարվում են աշխատանքներ»:

Ինչ վերաբերում է վերագործարկման հնարավորությանը, ապա, նախարարի խոսքով, աշխատանքային խմբի անդամները, այդ թվում՝ գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, լիազորություն ունեցել են իր անունից ներկայանալու և գործարանը գնել ցանկացող միջազգային կազմակերպությունների հետ բանակցություններ վարելու։ «Իրենց ներկայացվել է՝ եթե լինի քիչ թե շատ իրատեսական առաջարկ կամ հետաքրքրություն, ներկայացնել անձամբ ինձ՝ հետագա գործերը պլանավորելու համար: Մինչև օրս ոչ մեկի կողմից «Նաիրիտ»-ի հետագա վերագործարկման առումով առաջարկ չի ներկայացվել․․․»,- ասել է Յոլյանը:

Գործարանը 2005-2007 թվականներին ղեկավարած Կարեն Իսրայելյանի խոսքով, մինչդեռ, նախարարությունում քննարկումներ թեև եղել են, սակայն, դրանք ձևական բնույթ են կրել, իրենց առաջարկություններն էլ չեն ընդունվել։ «Մեր կողմից առաջարկություն է ներկայացվել, որ կառավարությունը «Նաիրիտ»-ի մասին ընդունի որոշում, որից հետո Ազգային ժողովն օրենք ընդունի՝ այն ճանաչելով որպես պետական շահ ներկայացնող ընկերություն: «Նաիրիտ»-ին տրվեր արտոնություններ, ազատվեր հարկերից, որպեսզի կարողանային դրանով ներդրողներին շահագրգռել։ Այ էդ մեր առաջարկությունը չի էլ մտել քննարկումների մեջ»,- ասում է գործարանի նախկին տնօրենը: Նա մտավախություն ունի, որ «Նաիրիտ»-ը ցանկանում են երկու մասի բաժանել՝ «Ցանկանում են գործարանը կիսել երկու մասի, մի մասը տալ Երևանի ՋԷԿ-ին իրա պարտքի դիմաց՝ մոտ 40 մլն դոլար, մյուս մասը տան «Նաիրիտ 2»-ին՝ աշխատողների աշխատավարձի տոկոսների դիմաց, քանի որ «Նաիրիտ 2»-ը իրենց վճարել էր աշխատավարձ, այ դրա դիմաց «Նաիրիտ 2»-ը տոկոսները ստանա գործարանից»:

Իրենց աշխատավարձերի ուշացման համար առաջացած տույժ ու տուգանքները ստանալու պահանջով գործարանի նախկին աշխատողները դատախազությանը նամակ էին ուղղել, սակայն, երեկ այնտեղից մերժում են ստացել։ Դատախազությունը տուգանքների չվճարման մեջ հանցակազմ չի տեսնում ու հորդորում է այդ հարցով քննչական մարմիններին դիմել։ Գործարանի նախկին աշխատողներից Անահիտ Մանուկյանն ասում է՝ «Մենք յուրաքանչյուրս կարող ենք մեր այդ գումարը ստանալ և տնօրինել ոնց մենք ուզում ենք, մենք թույլ չենք տալու, որ մեր գումարը տան ինչ-որ երրորդ կազմակերպության»:

Գործարանի նախկին աշխատողներին զայրացնում է հարցի նկատմամբ կառավարության մոտեցումը։ Ամեն հինգշաբթի գործադիրի շենքի մոտ հավաքվող նաիրիտցիները վարչապետին հորդորում են կոռուպցիայի դեմ պայքարը հենց «Նաիրիտ»-ից սկսել։ Կարինե Շահվերդյան՝ «Ներողություն, ընկեր, ես ո՞վ եմ, իմ ընկերներն ովքե՞ր են, որ մենք ներդրող փնտրենք, բանակցենք ու երաշխավորենք, որ էդ միլիոնավոր դոլարների հետ կապված ներդրումն անեն», Անահիտ Մանուկյան՝ «Ես ուզում եմ պարոն Հովիկ Աբրահամյանին իմ բոլոր էստեղ կանգնած ընկերների անունից խնդրել, դիմել, առաջարկել՝ եթե դուք ուզում եք կոռուպցիայի դեմ պայքար սկսել, սկսեք «Նաիրիտ» գործարանից: Դուք շատ լավ գիտեք գործարանում ինչ է կատարվել, եթե դուք կբացահայտեք «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած կռուպցիան, հետ կբերեք գործարանից թալանած գումարները, գործարանը կարա աշխատի առանց ներդրողի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG