Մատչելիության հղումներ

Կառավարությունը հոսպիտալների և ՊՆ այլ բուժհիմնարկների վերաբերյալ որոշումներ է ընդունել


Զինվորական հոսպիտալ Երևանում, արխիվ
Զինվորական հոսպիտալ Երևանում, արխիվ

Կառավարությունն այսօր ընդունել է մի շարք որոշումներ՝ Հայաստանի պաշտպանության նախարարության գործող հոսպիտալի (զորամասի) բազայի հիման վրա «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», «Երևանի կայազորային հոսպիտալ», «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» և «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկներ ստեղծելու մասին:

«Զինվորական հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը», - ասված է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՊՆ-ի գործող պոլիկլինիկայի (զորամասի) բազայի վրա կստեղծվի «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ:

Զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման, վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային համալիր միջոցառումներ իրականացնելու համար կառավարությունն ընդունել է ՊՆ-ի գործող ծառայության (զորամասի) բազայի վրա «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG