Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով երեկ երեկոյան Հայաստան ժամանած Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի պետական այցի շրջանակում ՀՀ նախագահի նստավայրում չորեքշաբթի օրը կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ:
Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ բանակցությունների ավարտին Սարգսյանը և Զեմանը Չեխիայի նախագահի պետական այցի կապակցությամբ ստորագրել են «Հուշագիր Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»:
Նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ:
Միլոշ Զեմանն առավոտյան այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Չեխիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում, գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի գրքում:
Տե՛ս նաև այստեղ