Մատչելիության հղումներ

Գողթեցիներն այսօր կրկին փակել էին Գեղարդ տանող ճանապարհը


Գողթեցիներն այսօր կրկին փակել էին Գեղարդ տանող ճանապարհը։

Նրանք այսօր մասնագետների հետ պետք է քննարկեին Գեղարդալճի հաշվին ինքնահոս եղանակով Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ ոռոգելի դարձնելու կառավարության ծրագիրը։ Մասնագետներն ուշացան, նրանք էլ փակեցին ճանապարհը՝ պահանջելով ծրագրի չեղարկում։

Գողթ ժամանեցին «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը և Գեղարդալճի ջրաբարի վերակառուցման գլխավոր ճարտարագետ Վաչիկ Սահակյանը։

Գյուղացիները բողոքեցին՝ նշելով, որ չորս տարի առաջ մեկնարկած ծրագրի մասին նոր են իմանում։ Ջավադյանը հակադարձեց. - «Լսումների մասին պատշաճ կերպով հայտարարվել է։ Գյուղացիներն են մեղավոր, որ չգիտեն»։

Գողթեցիների խոսքով՝ Գեղարդալճի ջրամբարի ջուրը չի բավականացնում գյուղի 700 հեկտար հողատարածքները ոռոգելու համար։ «Գողթ համայնքի ոռոգման համակարգի հետ որևէ ծրագիր պետք է կապ չունենա։ Թող կառուցեն ոռոգման նոր համակարգ ու այդ ջուրը տանեն այդ համայնքների համար», - ասացին գյուղացիները։

Մասնագետները նոր լուծում առաջարկեցին՝ հավելյալ ջուր բերել Ազատ գետի վտակներից մեկի՝ Գիլանլարի հաշվին։ Գյուղացիների պնդմամբ, այս դեպքում էլ բնապահպանական խնդիր կառաջանա։

Մոտ մեկ ժամ տևած քննարկման ընթացքում մասնագետներն այդպես էլ չկարողացան համոզել, որ ծրագրի իրականացումը գյուղացիների շահերից է բխում։

Քննարկմանը մասնակցող գյուղապետը Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին զանգահարեց, ով հավաստիացրեց, որ շինարարական աշխատանքները չեն վերսկսվի, մինչև խնդրին վերջնական լուծում չտրվի։ Գողթեցիները բացեցին ճանապարհը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG