Մատչելիության հղումներ

Ջրի խնդիր․ գողթեցիներն ամբողջ օրը փակ պահեցին Գեղարդ տանող ճանապարհը


Գողթեցիներն այսօր վաղ առավոտից փակել էին Գեղարդ տանող ճանապարհը։ Նրանք Կառավարությունից պահանջում են չեղարկել ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճի հաշվին ինքնահոս եղանակով ոռոգելի դարձնել Արարատի և Կոտայքի մարզերի որոշ տարածքներ: Գյուղացիների խոսքով, այդ տարածքները օլիգարխների են պատկանում։

«Մեր գյուղը ջուր գոյություն չունի, որ ջրենք, էդ տրուբեքով որ ջուր տանեն ոռոգման, մենք պիտի էս գյուղից սավսեմ քոչենք։ Իշխանությունը մեզ կուլ ա տալում։ Էդ տրուբայի փոխարեն թող զենք ու զրահ առնին, որ մեր երիտասարդությունը քարով կռիվ չանի», - ասում էին նրանք, - «Արտաշատ գնացող ճանապարհի վրա զաբոռապատել են արդեն, հեկտարից ավել այգիներ են դնում, ո՞ւմ հաշվին՝ գյուղացիների հաշվին: Մարդկանց ջուր չեն տվել, մարդիկ լքել են իրենց հողերը, կոպեկներով գցել են, լումաներով, էդ օլիգարխներն էլ գցել են։ Լանջառատի, Հացավանի, Գառնիի տարածքներից, Ջրվեժի, Ձորաղբյուրի տարածքից վերցրել են, այդքանը ես տեղյակ եմ։ Վերցրել են ու ուզում են ոռոգելի դարձնել»:

Կես ամիս առաջ Ազատ գետից Արարատի գյուղեր ջուր տանելու ծրագիրը չեղարկելու պահանջով գառնեցիներն էին ճանապարհ փակել։ Այդ ժամանակ գառնեցիների ցույցերին մասնակցում էին նաև գողթեցիները: Ցուցարարների մոտ եկած վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր չեղարկել Ազատ գետին վերաբերող ծրագիրը, իսկ Գեղարդալճի մասին գողթեցիների բարձրացրած հարցին պատասխանել էր, թե այդ ծրագրից տեղյակ չէ, սակայն նշել էր՝ շինտեխնիկան դուրս կբերվի, ծրագիրն էլ դեռ կքննարկվի նրանց մասնակցությամբ:

Գյուղացիների խոսքով՝ լճի ջուրը բավական չէ իրենց 700 հեկտարը ոռոգելու համար։ Նրանք չեն հավատում Կառավարության խոստմանը, թե Ազատ գետի վտակներից մեկի հաշվին իրենց ջուր կհասցվի։

«Յոթ հոգու կանչել են՝ գյուղապետին, մի հոգու, որ ԳԷՍ-եր ունի և մյուսներին, և ասել են՝ նոր ծրագիր ենք անում, լիճ ենք սարքում չորս տարի հետո, իսկ մինչև էդ լիճ սարքելը Գիլանլարից էդ ջուրը բերում ենք: Էդ էլ շատ քիչ ջուր ա, ընդամենը 20 օր ա էդ հեղեղը գալիս ու վերջ», - պատմում էին նրանք:

Գյուղացիներն ամբողջ օրը փակ պահեցին ճանապարհը՝ բացառություն անելով միայն նորապսակ մի զույգի համար։

Ոստիկանները պարբերաբար հորդորում էին ցույցը դադարեցնել, խոստանալով, որ քննարկումներ կլինեն երկուշաբթի։ Գյուղացիները չէին համաձայնում։ Արդեն երեկոյան այստեղ եկավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը։

«Հենց հիմա գնում եմ շինարարությունը կայնացնում եմ, երկուշաբթի-երեքշաբթի գալիս եք՝ սաղ համայնքով հավաքվում եք, ձեր որոշումը կայացնում եք լսումների ժամանակ, դրանից հետո թող որոշվի՝ ծրագիրը շարունակվում ա, թե չի շարունակվում», - ասաց մարզպետը:

Գյուղացիները ճանապարհը բացեցին միայն այն բանից հետո, երբ համոզվեցին, որ շինարարական աշխատանքները դադարեցվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG