Մատչելիության հղումներ

Արմեն Գևորգյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղարին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան:

«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի, և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են», - ասել է նախագահը:

«Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր», - նշել է Սերժ Սարգսյանը:

Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախագահին վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,- ասել է ԱԱԽ-ի նորանշանակ քարտուղարը:

Արմեն Գևորգյանը 43 տարեկան է, 1997-1998թթ. զբաղեցրել է Հայաստանի վարչապետի օգնականի պաշտոնը, 1998-ին ապրիլին նշանակվել է Հայաստանի նախագահի օգնական, այնուհետև՝ առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, 2006-ին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար, 2007-ի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ 2008 թվականի ապրիլին նշանակվել է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ: Եղել է ԱՊՀ-ի տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ-ի երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ: Ղեկավարել է Հայաստանի և Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների միջև առևտրատնտեսական և միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ: 2015-ի հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG