Ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը հունիսին կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպումից լուրջ առաջխաղացում չի ակնկալում։ Նրա խոսքով՝ դրա համար չկան նախադրյալներ։ Փորձագետը, սակայն, չի բացառում, որ հանդիպմանը որևէ փաստաթուղթ ստորագրվի։
«Կարող են ինչ-որ փաստաթղթեր ստորագրվել, օրինակ՝ նորացված Մադրիդյան սկզբունքների թեմայով վարիացիաներ։ Եթե նույնիսկ նման մի փաստաթուղթ ստորագրվի, տարիներ կպահանջվեն այն կյանքի կոչելու համար», - ասաց Մարկեդոնովը՝ ընդգծելով. - «Ստորագրելու և իրագործելու միջև կա տարբերություն»։
Փորձագետը չի ակնկալում, որ առաջիկա հանդիպմանը ստորագրվի իրավական ուժ ունեցող որևէ փաստաթուղթ։ «Կարելի է ակնկալել դեկլարատիվ բնույթի մի փաստաթուղթ, ինչպես, օրինակ, Մայնդորֆի փաստաթուղթն էր։ Չեմ հավատում, որ առաջիկայում հնարավոր լինի ստորագրել մի փաստաթուղթ, որում հստակ նշված լինի, օրինակ, օրն ու ժամը, թե երբ պետք է զորքերը հետ քաշվեն», - ասաց Մարկեդոնովը՝ հավելելով. - «Եկեք չմոռանանք, որ Հայաստանի նախագահը Մարսում չի բնակվում և շատ լավ հասկանում է հայաստանյան հասարակության տրամադրությունները ապրիլյան իրադարձություններից հետո։ Բացառված է, որ Սերժ Սարգսյանը որևէ լուրջ փոխզիջման գնա այսօր»։
Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ Ադրբեջանում և Հայաստանում այսօր այնպիսի տրամադրություններ են, որոնք թույլ չեն տալիս լուրջ ակնկալիքներ ունենալ սպասվող հանդիպումից։ «Ադրբեջանում հասարակությունն ասում է՝ «մենք հաղթել ենք ապրիլյան պատերազմում», և Ալիևին ավելի վճռական լինելու պահանջ է ներկայացնում։ Հայաստանում էլ հասարակություն ասում է՝ «մենք պատրաստ էինք հետ վերցնել կորցրածը, թույլ չտվեցիք»։ Դժվար թե այս պայմաններում Ալիևը կամ Սարգսյանը գնան լուրջ զիջումների», - շեշտեց Մարկեդոնովը։
Ըստ փորձագետի, բանակցային գործընթացում նախաձեռնողի դերում Միացյալ Նահանգները չէ։ Նրա խոսքով՝ Մոսկվայում է հրադադարը ստորագրվել, և սա է կարևորը։
Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ՝ Ռուսաստանին այսօր ձեռնտու է, նախ և առաջ, որ չլինի լայնածավալ պատերազմ տարածաշրջանում: Նա նշեց, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար տնտեսական առումով մրցակից է․ - «Գիտեն, որ Ադրբեջանը երբեք չի անդամակցի Եվրասիական միությանը։ Տնտեսության առումով՝ Ադրբեջանը Արևմուտքի մի մասն է այսօր»:
Ինչ վերաբերում է նորացված Մադրիդյան սկզբունքներին, Մարկեդոնովն ասաց. - «Երկու խնդիր է այսօր քննարկվում՝ Ղարաբաղի կարգավիճակը և Ղարաբաղի շուրջ շրջանների վերադարձի հարցը։ Եվ ամբողջ խնդիրը՝ ինչը ինչից հետո է և երբ»։
Մայիսի 31-ին Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներից հետո ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին բանակցությունների հաջորդ փուլն անցկացնելու վերաբերյալ՝ «նպատակ ունենալով վերսկսել համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները»։