Մատչելիության հղումներ

Արծրուն Հովհաննիսյան․ «Մենք մոռացել ենք, որ բանակը հաղթել է»


ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, վերջին օրերին Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները ապրիլյան քառօրյա պատերազմի հետ ուղիղ կապ չունեն:

«Պաշտպանության նախարարության ներքին աուդիտի, ստուգումների, վերահսկողության մեխանիզմների շնորհիվ վերջին 6-7 տարիների ընթացքում պաշտպանության նախարարի կողմից բանակից ազատվել են մոտավորապես նույն օղակի՝ փոխգնդապետ, գնդապետ օղակի, նվազագույնը 130 պաշտոնյա, որից շուրջ կեսը ենթարկվել է քրեական պատժի: Եվ դրանք բոլորն էլ լուսաբանվել են», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում հայտարարեց Հովհաննիսյանը:

Անցած շաբաթ կալանավորվեցին Պաշտպանության նախարարության 3 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, Սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական և հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ Մհեր Պապյանը, ովքեր մեղադրվում են իշխանությունը չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս ձերբակալությունների մասին հարցին պատասխանելով՝ ՊՆ խոսնակը, մասնավորապես, ասաց․ - «Թարմ օրինակ բերեմ՝ մի քանի օր առաջ ձերբակալվեց փոխգնդապետ, և պատերազմից մի քանի օր առաջ ձերբակալվեցին գնդապետներ: Դրանք կապ ունեի՞ն պատերազմի հետ, իհարկե՝ ոչ: Դրանք ներքին վերահսկողության խնդիրներ են: Դրանք փաստեր են, պետք չէ խեղաթյուրել»:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ 2014 թվականի Վերահսկիչ պալատ ստուգումների համաձայն, պաշտպանության նախարարության գնումները շուրջ 89 տոկոսով ճանաչվել են բացարձակ օրինաչափ և նորմալ։ «11 տոկոսն է ընդամենը ճանաչվել որոշակի ռիսկային, ընդ որում ռիսկային ճանաչվածներն էլ դա զուտ միայն գնորդի, այսինքն, պաշտպանության նախարարության միայն խնդիրը չէր, այլ նաև տարբեր գնային առաջարկների, տարբեր օրենսդրական խնդիրների և այլն», - ասաց պաշտպանության նախարարի խոսնակը։

Նշենք, որ վերջերս արտերկրից Հայաստան վերադարձած Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սուր քննադատության էր ենթարկել ռազմական ղեկավարությանը՝ մասնավորապես, նշելով, որ ապրիլյան քառօրյա իրադարձությունների ժամանակ սխալներ են թույլ տրվել, ինչի պատճառով էլ հայկական կողմը դիրքեր է կորցրել: Պատասխանելով Զինված ուժերի հասցեին այս օրերին հնչող քննադատության վերաբերյալ «Ազատության» հարցին՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց․ - «Այսօր մեզանում, ցավոք, ձևավորվել է մի այսպիսի մթնոլորտ, որ մենք մոռացել ենք, որ բանակը իր խնդիրները կատարել է, մենք մոռացել ենք, որ բանակը հաղթել է և միանգամից ասում ենք՝ այնուամենայնիվ, մենք ունեցել ենք թերություններ: Այո, ունեցել ենք, և ոչ մեկը չի հերքում: Ոչ մի պաշտոնատար անձ չի նշել, որ մեզ մոտ ամեն ինչ կատարյալ է: Եվ հիմա էլ բոլոր փոփոխությունները միտված են է՛լ ավելի բարձրացնելու մեր մարտունակությունը և վերացնելու թերությունները: Ինչ վերաբերում է նոր ռազմավարությանը, նորից եմ ասում՝ ես չեմ հակադարձում Սամվել Բաբայանի կամ որևէ մեկ այլ նախկին զինվորականի դիտարկումներին, կամ քաղաքական գործիչներին, որոնք շատ դեպքերում պահանջում են բաներ, որոնք անհավանական են, որովհետև գործի մասնագետը չեն: Հայաստանի Հանրապետությունում վաղուց գոյություն ունի համապատասխան ռազմավարություն՝ անվտանգության դոկտրին և այլն: Կոնկրետ Զինված ուժերի կիրառման մասով գոյություն ունեն հստակ փաստաթղթեր, և այս տարվանից մենք հայտարարել ենք, որ բանակի զարգացման հաջորդ հնգամյակի պլան է հաստատվել, որի համաձայն մեր շատ ու շատ գործառույթներ, մեր կառուցվածքը, մեր շատ ու շատ հարցեր փոխվելու են: Այսինքն՝ դինամիկ, մոդեռնիզացնելու փուլում ենք մենք այս պահին արդեն»:

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակն անդրադարձավ նաև հարցին, թե արդյո՞ք Երևանը խոցելի է ադրբեջանական հնարավոր հրթիռային հարվածի դեպքում: Արծրուն Հովհաննիսյանն, այս առնչությամբ, մասնավորապես, ասաց․ - «Եթե նայենք կոնկրետ զինատեսակների հեռահարության գոտով, Հայաստանի Հանրապետությունը բավականին փոքր տարածք ունի, բայց դա դեռ չի նշանակում, որ ցանկացած կետին հարված հասցնել հնարավոր է: Ես մի օրինակ կբերեմ՝ նորից մնալով, որպես զինվորական, գաղտնիության սահմաններում: Ապրիլի 4-ին ադրբեջանական զինված ուժերը կրել էին չափազանց մեծ կորուստներ հայկական հրետանու գրագետ գործողություններից և, ըստ էության, իրենց կենտրոնի ամբողջ ռազմական գործողությունը տապալվել էր, և այդ օրը ջղաձգումից իրենց պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք այդ օրը հարվածելու են Ստեփանակերտին: Եվ հայկական կողմի պատասխանը շատ կարճ էր ու շատ տեղին՝ թող փորձեն: Եվ ի՞նչ տեղի ունեցավ․ չնայած նրան, որ մարտական գործողությունները դեռ մի օր էլ շարունակվեցին, բայց, այնուամենայնիվ, Ստեփանակերտին հարված չհասցվեց: Ես նորից չեմ կարող չակերտները մինչև վերջ բացել, բայց դա շատ կարևոր ինչ-որ բան նշանակեց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG