Մատչելիության հղումներ

Խմբագիրները պահանջում են կարգի հրավիրել «անվերահսկելի» կայքերին


Ըստ հայտարարության հեղինակների, այդ կայքերը գործում են օրենքներից ու բարոյական նորմերից դուրս և անարգել ու անվճար օգտվում են թերթերի աշխատանքի արդյունքներից:

Հայաստանյան տպագիր և առցանց լրատվամիջոցների 15 ղեկավարներ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով կարգավորել «անվերահսկելի դաշտում հայտնված» որոշ առցանց կայքերի գործունեությունը, որոնք, ըստ նշված լրատվամիջոցների ղեկավարների, «գործում են օրենքներից ու բարոյական նորմերից դուրս և անարգել ու անվճար օգտվում են թերթերի աշխատանքի արդյունքներից՝ չարաշահելով լրագրողի կարգավիճակը»։

Հայտարարության նախաձեռնողներից «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ասում է՝ իրենց նպատակն այն է, որ բոլոր լրատվամիջոցներն աշխատեն խաղի նույն կանոններով: «Իրենք առավոտից գողանում են մեր նյութերն ու տեղադրում են: Փորձում ենք գտնել՝ ովքեր են, որպեսզի պահանջենք՝ կա՛մ նյութը հեռացնել, կա՛մ համապատասխան հղումը դնել, չկան: Եթե մարդն ուզում է գործունեություն ծավալել լրատվական դաշտում, ուրեմն կան խաղի էս կանոնները, ինքը պետք է պահպանի դրանք: Եթե ինքն ուզում է բլոգային կայքում պարզապես տեսակետ հայտնել, խնդրեմ՝ նրա ազատությունը որևէ մեկը չի սահմանափակում: Բայց նա լրատվամիջոց չէ»,- ասում է Թովմասյանը:

Անբարեխիղճ կայքերին իրավական դաշտ բերելու մասին հայտարարության հեղինակները կոչ են անում պատկան մարմիններին՝ օրենսդրական փոփոխություններ կատարել, ինչպես նաև հարկային հսկողություն սահմանել այդ կայքերի նկատմամբ: «Հայաստանում գործունեություն ծավալող շատ ու շատ էլեկտրոնային լրատվամիջոցներ որևէ իրավաբանական ձևակերպում չունենալով՝ պարզապես հարկ չեն վճարում: Իրենք ունեն գովազդներ և էդ գովազդներից զրո դրամ են վճարում պետությանը: Եվ էստեղ ստացվում է արդեն անհավասար մրցակցություն: Այսինքն՝ իրենք, ըստ էության, իրականացնում են այն գործունեությունը, ինչ մենք են իրականացնում, բայց իրենք ստանում են 100 տոկոս շահույթ, իսկ մենք՝ պահումներով շահույթ»,- շարունակում է «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

Լրատվամիջոցների ղեկավարները նաև կոչ են անում՝ թույլ չտալ որպես մամուլի ներկայացուցիչ հանդես գալ և պետական կառույցներում հավատարմագրվել այն կայքերին, որոնք չեն տրամադրում տեղեկատվություն իրենց գրանցման հասցեի, պատասխանատուների և կոնտակտային տվյալների մասին:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով՝ այս գործընթացը վաղուց էր հասունացել, քանի որ անբարեխղիճ լրատվամիջոցների գործունեության հետևանքով վարկաբեկվում է ամբողջ լրատվական դաշտը, թերթերն էլ հայտնվում են ֆինանսական լուրջ խնդիրների առջև:

«Օրենքները խախտող, հարկային պարտավորությունները չկատարող լրատվամիջոցների նկատմամբ ճնշումները մենք խրախուսում ենք: Մենք ասում ենք, որ այդ լրատվամիջոցը, որը չունի աշխատակազմ, հասցե, հարկային պարտավորություններ, իր գովազդները թափանցիկ չեն, ինքը անպատասխանատու է, իր լրագրողը չի համապատասխանում լրագրողներին ներկայացվող տարրական պահանջներին, պարզապես չպիտի կարողանա որպես լրատվամիջոց հանդես գալ»,- նշում է Արմինե Օհանյանը:

«Ազատության» հետ զրույցում խմբագիրները վստահություն հայտնեցին, որ իրենց նախաձեռնությունն անկախ մամուլի վրա ճնշումներ գործադրելու նոր հնարավորություններ չի ստեղծի: Արմինե Օհանյան՝ «Եթե այդպիսի փորձ կլինի և մենք կզգանք, որ մեր նշած չափանիշներից դուրս է գալիս պետությունն իր միջամտությամբ, մենք շատ արագ և ադեկվատ արձագանքի կարժանացնենք»: Թագուհի Թովմասյան՝ «Ես չեմ կարծում, որ Հայաստանում հնարավոր է առանց լրատվական դաշտի ներկայացուցիչների օրենք փոխել: Դա շատ զգայուն դաշտ է, և նույն Արփինե Հովհաննիսյանը երբ Ազգային ժողովում փորձեց ֆեյքերի մասին ինչ-որ օրինագիծ ներկայացնել, հիշում եք, որ չստացվեց, չկարողացավ, որովհետև նա չուներ դաշտի լայն աջակցությունը»:

Անկախ մեդիա փորձագետ Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով, նախաձեռնությունը տեղին է ու անհրաժեշտ, սակայն կարող էր առավել հասցեական լինել: «Կնախընտրեի, որ հայտարարության մեջ իսկ լինեին լրատվամիջոցների անուններ, որոնք որ այդ խմբագիրների կարծիքով ոտնահարում են լրագրողական էթիկան, գործընկերների հանդեպ որոշակի հարգանքը և այլն»,- ասում է Մարտիրոսյանը: Նրա կարծիքով, կան հարկերից ազատված կայքեր, և այս նախաձեռնությամբ այդ կայքերը ևս կարող են բերվել իրավական դաշտ, իսկ անբարեխիղճ լրատվամիջողները պետք է ֆինանսական պատիժ կրեն՝ «Թող տուգանքներ սահմանվեն, և, ասենք, էդ տուգանքի մի զգալի մասը վճարվի հենց այն լրատվամիջոցին, որից որ վերցված է [նյութը]՝ առանց պահպանելու հղումների պատշաճ կարգը»:

Նախաձեռնության հեղինակները «Ազատությանը» պատմեցին, որ արդեն իսկ կան պայմանավորվածություններ որոշ պատգամավորների հետ, և առաջիկայում օրենսդրական համապատասխան փոփոխությունների շուրջ քննարկումներ կսկսվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG