Մատչելիության հղումներ

Հալեպում հրթիռակոծվել է հայկական թաղամասը, կան զոհեր և վիրավորներ


Այսօր Հալեպում հողին հանձնեցին երեկ երեկոյան հրթիռակոծության հետևանքով զոհված 4 հայերին։

«Ազատության» հետ զրույցում Հալեպում տպագրվող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը փոխանցեց, որ զոհվածներն են Վազգեն Ճապաղջուրյանը, Լևոն Քելխաչերյանը, Հովսեփ Ջանեցյանը և Խաչիկ Ապուլապությանը։ «Գանձասար» թերթի խմբագրի խոսքով, շուրջ երկու ժամ տևած հրթիռակոծության հետևանքով այրվել է արհեստավորներից մեկի խանութը, որտեղ էլ գտնվում էին երեք հայերը։ Նրանց ածխացած դիակները հազիվ են դուրս բերվել խանութից։ Րոպեներ անց մեկ այլ հրթիռից չորրորդ հայն է զոհվել։

«Գիշերը շատ վատ էր, երկու ժամվա ընթացքում 40 հրթիռ, գազի տակառներ են նետել Նոր Գյուղի վրա զինյալ ահաբեկչական խմբավորումները, քանդվեցավ Զվարթնոց եկեղեցին, դպրոցը, զոհեր ունեցանք, բնակարաններ քանդվեցան», - պատմեց Պողիկյանը:

Երեկվա հրթիռակոծությունից վիրավորված տասնյակ հալեպահայեր տեղափոխվել են հիվանդանոց։

«Գանձասար» թերթի խմբագիրը շեշտում է՝ հայկական բնակավայրերը հատուկ թիրախավորվել էին: Պողիկյանի պնդմամբ՝ հրթիռակոծությունն իրականացրել են թուրքամետ զինյալները, որոնց ուղղորդել է Թուրքիան: Հալեպում կարծում են, որ երեկվա հրթիռակոծությունը կապված է Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հետ։

«Վստահ եմ, որ թիրախավորված էր՝ եկեղեցին, դպրոցը, կաթողիկե եկեղեցուն պատկանող դպրոցը։ Եկեղեցու մեջ մայրապետներն ու քահանաներն են եղել կաթողիկե համայնքի եկեղեցուն կից տարածքում, շատ վնասված չեն, հիվանդանոց չեն։ Հիվանդանոցում են փողոցում վիրավորվածները, վիճակները կայուն է», - պատմեց նա:

Սիրիական հակամարտության հարցով հունիսին Ժնևում նախատեսված են բանակցություններ։ Հանդիպումից մեծ ակնկալիքներ չկան, ասում է Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը, ում կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել ահաբեկիչների հոսքը այդ երկիր, ինչից հետո արդեն հնարավոր կլինի բանակցային սեղանի շուրջ ընդդիմության ու կառավարության արդյունավետ երկխոսություն ապահովել։

«Միակ գործողությունը, որը կարող է նպաստել բանակցային գործընթացի հաջողությանը, ծայրահեղականների իսպառ ճնշումն է, ինչի համար անհրաժեշտ է թուրք-սիրիական սահմանի փակումը, որ ինֆիլտրացիա չլինի։ Մինչև չփակվի, սրանք անընդհատ սնուցում են ստանալու», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Հովհաննիսյանը:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության հետևանքով այդ երկրում զոհվել է 400.000 մարդ, հայկական համայնքի զոհերի թիվը հասնում է 150-ի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG